«ԵՄ-ի դեպքում թունելի վերջում լույս է երևում՝ ի տարբերություն ԵՏՄ-ի». Արտակ Մանուկյան
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային Կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր «Մեդիա-կենտրոնում» կազմակերպված «Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական բաղադրիչը․նոր հնարավորություններ ու խնդիրներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ ՀՀ-ԵՄ ապրանքների արտահանման և ներմուծման մասով վիճակը քիչ թե շատ ստաբիլ է. «ՀՀ-ից դեպի ԵՄ 49% ոչ թանկարժեք մետաղներ են արտահանվում, հետո՝ հանքահումքային, տեքստիլ, թանկարժեք մետաղներ, 6.5% էլ սննդամթերք է արտահանվում։ ՀՀ-ի պարագայում դիվերսիֆիկացիա չկա, իսկ ԵՄ-ից ներմուծվող ապրանքներից տեսնում ենք, որ այնտեղ տնտեսությունը դիվերսիֆիկացված է, մենք ունենք բարձր դիվերսիֆիկացիոն խնդիրներ։ Երբ մենք խոսում ենք տնտեսական մոդելի փոփոխությունից, այլ լավ բաներից, պարզ է, որ մենք պետք է ներմուծենք տեխնոլոգիաներ, իսկ տեխնոլոգիաները ԵՄ-ն է։ Այս առումով՝ մեր ապրանքային հարաբերությունները կարծես թե այդ միտումն ունեն»։
Տնտեսագետը նշեց, որ համաձայնագիրը գերագնահատողները կամ չեն կարդացել այն, կամ ինչ-որ շահեր ունեն, որովհետև, ըստ նրա՝ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այդքան էլ մեծ չէ. «Մենք չունենք ընդհանուր սահման, հետևաբար՝ ծախսերը բավական մեծ են լինելու։ Մենք արդեն իսկ ունենք GSP+ համակարգ, որը, մեծ հաշվով, արտոնությունների մեծ փաթեթ է տալիս։ Մենք ԱՀԿ անդամ ենք, իսկ այս փաստաթղթի տնտեսական բաղադրիչը մեծապես ԱՀԿ-ի հետ է կապված, այս առումով էլ պետք չէ գերագնահատել, թե եսիմինչ տարբերություն է լինելու»։
Նա ընդգծեց, որ, ի տարբերություն իրավական հարթության՝ համաձայնագրի տնտեսական բաղադրիչում ՀՀ հիմնական խնդիրն ինստիտուցիոնալ վերափոխումների երկրորդ փուլն է. «Ինստիտուտների վերափոխման երկրորդ սերունդը դրանց արդյունավետությունն է, և այստեղ տնտեսական բաղադրիչը եթե մենք ուսումնասիրում ենք, մեսիջը հստակ ուղղված է ինստիտուտների արդյունավետության բարձրացմանը՝ վիճակագրություն, աուդիտ և այլն։ Այսինքն՝ այս համաձայնագիրը կարծես թե հնարավորություն է տալիս մեծացնել ինստիտուտների արդյունավետությունը»։
Ըստ տնտեսագետի՝ Հայաստանի համար դրական էֆեկտը պայմանավորված կլինի ոչ թե ապրանքային առևտրով, այլ ծառայություններով. «Ես միշտ ասում եմ, որ չկա անվճար ոչինչ։ ՀՀ-ի միջոցով ԵՄ-ն ավելի կմոտենա Իրանի շուկային։ Իրանը և Ադրբեջանն ԱՀԿ անդամ չեն, և այս առումով Հայաստանը կարող է լինել իդեալական ճանապարհ, որ Իրան-ԵՄ հարաբերությունները մերձենան։ ԵՄ-ի դեպքում թունելի վերջում լույս է երևում՝ ի տարբերություն ԵՏՄ-ի, որտեղ պարզ չէ, թե վերջում ինչ է լինելու։ ԵՄ-ՀՀ համաձայնագիրը փոխշահավետ գործարք է»։