«Հաջորդ տարի Հայաստանում կաթ չի լինի». Ամասիայի գլխավոր պանրագործարանի վաճառքի պատասխանատու

«Հաջորդ տարի Հայաստանում կաթ չի լինի». Ամասիայի գլխավոր պանրագործարանի վաճառքի պատասխանատու

«Կաթի գները, արդեն մոտ երկու շաբաթ է՝ 20 դրամով ավելացել են, պատկերացրեք՝ կաթնամթերքինը տասնապատիկ պետք է ավելանա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ամասիայի գլխավոր պանրագործարանի վաճառքի պատասխանատու Մկրտիչ Անուշյանը:

Նրա խոսքով՝ այս տարի չորային տարի եղավ, դրանից բացի՝ պետությունը հիշեց, որ պարտականություններ ունի. «Իբր սննդի անվտանգության մասով՝ ստուգումներ արվեցին, գյուղմթերքը ստիպողաբար մտցվեց այն դաշտ, որ մարդկանց ձեռնտու չէր, իրենք էլ ստիպված էին գինն ավելացնել կամ արագ մորթ կազմակերպել: Էս տարվա անասնագլխաքանակի արտահանումն ավելին էր, քան նախորդ տարիներին: Այդ բոլորը կբերի նրան, որ մենք հաջորդ տարի նույնիսկ մանր ածու չենք ունենա, մորթը կլինի, եթե անասուն չունեցանք, բնականաբար, կաթ էլ չի լինի: Ցավալի է, մենք ամեն տարի ունեցել ենք ոչխարի կաթ, բայց այս տարի չկարողացանք ոչխարի կաթ մթերել, որովհետև ծավալները քիչ էին, կաթնատվությունը քիչ էր, ոմանք էլ պահեցին, որ այդ անասուններին պատրաստի վաճառեն»:

Հարցին, թե՝ պետությունն ի՞նչ կարող էր անել այս առումով, որ չի արել, Մ. Անուշյանն այսպես պատասխանեց. ««Հյուսիս-Հարավ» ճանապարհի փոխարեն՝ պետությունը կարգավորեին: Այդ վարկային ծրագրերն ուղղեին գյուղատնտեսությանը, տային գյուղացուն, այլ ոչ թե փակեին գործող ծրագրերն էլ»:

Նրա դիտարկմամբ՝ պետությունը պետք է ունենա ռազմավարական պլան՝ ոչ պակաս 5-10 տարվա համար. «Իրավիճակային կառավարումով միայն ժամկետային խնդիրներ են լուծում, եթե ռազմավարական պլան չունես, տեսլական չունես, թե 5 տարի հետո Հայաստանն ինչպիսին պետք է լինի, ի՞նչ մակարդակով զարգացում պետք է ունենա երկիրը: Իսկ դու ընդամենը բյուջետային պլանավորում ես իրականացնում»:

Մ. Անուշյանի կանխատեսումներով՝ այս տարի կաթի մթերման գինը չի բարձրանա 200 դրամից, բայց հաջորդ տարի արդեն գինն էլ կապ չի ունենա, որովհետև կաթ չի լինի:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ փոշի կա՞թ կներմուծեն. «Հիմա էլ են ներմուծում, ուղղակի կմեծացնեն ծավալները»:

Միաժամանակ Մ. Անուշյանն ասաց, որ վերջին տարիներին իրենց արտահանման ծավալները նվազել են: Նշենք, որ Ամասիայի գլխավոր պանրագործարանը 17 տեսակի պանիր է արտահանում նախկին Խորհրդային Միության երկրներ, Իրան, եվրոպական մի շարք երկրներ և Արաբական Էմիրություններ. «Մենք աշխատում ենք մեր արտադրական հզորության 30 տոկոսի չափով, ու դա կախված է կաթնատվության և վարկային միջոցների սակավությունից»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե մյուս տարվա կաթի սակավությունն ինչպե՞ս կանդրադառնա Ամասիայի պանրագործարանի գործունեության վրա: Ի պատասխան՝ Մ. Անուշյանն ասաց. «Կաշխատենք, կդիմանանք: Մենք առաջին իսկ պահից, որ հավաքվել ենք, խոսք ենք տվել, որ տանք միայն անարատ կաթից արտադրանք, ու կպահպանենք, դրանից ելնելով՝ մեր ծավալները շատ կնվազեն: Ասեմ, որ անցյալ տարվա համեմատ՝ արդեն իսկ 30 տոկոսով նվազել են»:

Բաժնի նյութերի ընտրանի

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: