«Կաթնամթերքը փչանում է, թափում ենք. տոննաներով պանիր ենք թափում». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Շաքի համայնքի բնակիչները հուսահատության եզրին են. գյուղացին իր արտադրանքը մեծ դժվարությամբ է սպառում:
Կաթն այստեղ վերամշակող գործարանները լիտրը 100–120 դրամով են մթերում: Շաքիի բնակիչների պնդմամբ՝ դա ձեռնտու չէ գյուղացուն: Նրանցից շատերը վերամշակող ընկերություններին կաթ չեն հանձնում:
«Պանիրն էլ մնում է՝ չի վաճառվում: Փչանում է, տոննաներով պանիր ենք թափում: Ընկերությունները կաթի փոշուց մեծ քանակությամբ կաթնամթերք են արտադրում, գյուղացու արտադրանքն էլ մնում է»,- թերթի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին նրանք:
Կաթնամթերքի իրացման պատճառով Աղաջանյանների ընտանիքն անասնագլխաքանակն է կրճատել: Այսօր էլ թանկ անասնակերի պատճառով պատրաստվում են եղածն էլ վերացնել:
«Ամեն ինչ անում ենք՝ մածուն, պանիր, կաթնաշոռ, բայց չի ծախվում: Պանիր ենք անում, փչանում է, ում ասում ենք՝ եկեք, առեք, ասում են՝ գումար չկա»,– նեղսրտեց Լուսիկ Աղաջանյանը:
Նույն խնդրի առաջ են կանգնած մարզի մյուս համայնքները: Բալաք համայնքում տարիներ ի վեր կաթի մթերում չի իրականացվել: Այս տարի, սակայն, գործարաններն այստեղ կաթ գնելու են եկել: Անասնապահությամբ զբաղվող բնակիչների տեղեկացմամբ՝ վերամշակող ընկերությունները ժամանակ առ ժամանակ են համայնք գալիս:
«Միակ խնդիրը, որ կաթի ռեալիզացիա չկա: Փչանում է, թափում ենք»,- բողոքեցին նրանք:
Այստեղ 43 տնտեսության կա, բոլորն էլ անասնապահությամբ են զբաղվում: Յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն ամենաքիչը 5 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի:
Պատրաստած պանիրը գյուղացիներն այլ ապրանքների հետ են փոխանակում: Երեւանում բարեկամներ ունեցողներն էլ այն մայրաքաղաք վաճառելու են ուղարկում:
«Գալիս են, ապրանքով են փոխանակում, բայց պանիրն էժան են հաշվում, գյուղացիները ճար չունեն, հանձնում են»,- պատմեցին նրանք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: