«Կաթնամթերքի թանկացում կարող եք հենց վաղվանից սպասել»
Հոկտեմբերի 13-15-ը Երևանում անցկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպած Armprodexpo 2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին մասնակցում էր նաև «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն, որը ներկայանում էր ինքնատիպ տաղավարով` կովեր, հորթեր, թարմ կաթնամթերք, խոտ։
«Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունը զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ։ Հիմնական ուղղությունը կաթնային տոհմային կենդանիների բուծումն է և կաթի արտադրությունը։
«Մենք բուծում ենք միմիայն մաքրացեղ տեսակներ՝ դրանով ապահովելով միջազգային որակի կենդանիներ։ Նաև պահելու պայմաններն են բարձրակարգ։ Կովի կթումն ավտոմատացված է, միջազգային չափանիշերին համապատասխան կթի սրահներում է տեղի ունենում։Կովերի կաթնատվությունը բարձր է. 1 կովի միջին կաթնատվությունը տարեկան 7-7.5 հազար լիտր է, երբ այսօր Հայաստանի պայմաններում դա կազմում է մոտ 2 հազար լիտր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գոհար Ղասաբյանը։
Նա նշեց, որ իրենց կաթնային ֆերման տեղակայված է Սպիտակ քաղաքում, մեծ անասնապահական համալիր է։
168.am-ի հարցին՝ այս տարի երաշտային տարի էր, խոտի պակաս կա, իրենք անասնակերի խնդիր ունե՞ն, նա պատասխանեց՝ այո, ամբողջ Հայաստանում խոտը շատ քիչ է. «Միայն երաշտը չէր խնդիրը. մեր եգիպտացորենի դաշտն էլ կարկուտից վնասվեց։ Այս տարի շատ դժվար է, և դժվար թե մեր ցուցանիշներին ձմռանը հասնենք։ Անասունների գլխաքանակը դեռ չենք պակասեցրել, այդքան կեր կապահովենք, բայց այն, որ մեր նախատեսած կաթնատվությունը չենք ստանա՝ ունենալով քիչ կեր, միանշանակ է»։
Գոհար Ղասաբյանի խոսքով՝ կաթնամթերքի թանկացում կարող ենք հենց վաղվանից սպասել, որովհետև, ըստ նրա՝ արոտային շրջանն արդեն անցավ, նախապատրաստված խոտը քիչ է, և բոլորի մոտ կաթի քանակի անկումը նկատելի է. «Դրա համար, եթե մեր ծախսերը շատ են, ապա, բնականաբար, մեր ինքնարժեքը բարձրանում է։ Միանշանակ կաթնամթերքն ավելի թանկ է լինելու, քան նախորդ տարիներին»։
Ընկերության վաճառքի տնօրեն Կարեն Գասպարյանն էլ ասաց, որ իրենց կաթը վաճառվում է չզտված վիճակում, ամենացածր ջերմաստիճանի տակ պաստերիզացված.
«Կաթը վաճառում ենք բացառապես ապակյա շշերով, որովհետև պլաստիկատից ու պոլիէթիլենից ապակյա տարաներն ամբողջովին տարբերվում են։ Հատուկ կերերով ենք կերակրում մեր անասուններին, դրա համար կաթի համն ու որակը տարբերվում են մյուս ֆիրմաներից։ Ամեն կովից օրական ստանում ենք 50-55 լիտր կաթ։ Կերը մեծ դեր ունի գնագոյացման մեջ, որովհետև հենց կերից է կախված, թե կովը որքան ու ինչ որակի կաթ կտա։ Այդքան էական չէ՝ ինչ ցեղատեսակի կով է, ավելի շատ կարևոր է, թե ինչով եք կերակրում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում