«Լայնամասշտաբ ռազմական գործողություններն այս պահին ոչ ոքի ձեռնտու չեն». Արեգ Գալստյան
«The Armenian Interest» կենտրոնի ղեկավար, ամերիկագետ, «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրերի հոդվածագիր Արեգ Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ-ից որևէ լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ.
«ԵԱՀԿ ՄԽ-ն չունի կոնֆլիկտը կարգավորելու հնարավորություններ և մեխանիզմներ։ Նման կազմակերպությունները չունեն մեխանիզմներ՝ ստիպելու այս կամ այն կողմին՝ ընդունել ինչ-որ առաջարկություններ։ Դրա համար ՄԽ-ն այստեղ կատարում է որոշակի միջազգային հարթակի դեր, որտեղ ընթանում են դիվանագիտական բանակցություններ։ Դա թույլ է տալիս պահպանել ստատուս-քվոն, քանի որ լայնամասշտաբ ռազմական գործողություններն այս պահին ոչ ոքի ձեռնտու չեն»։
«The Armenian Interest» կենտրոնի ղեկավարի տեղակալ, էթնոքաղաքական հակամարտությունների փորձագետ Վան Հարությունյանն այս հանդիպումը գնահատում է դրական, քանի որ, ըստ նրա՝ ցանկացած նման հանդիպում պետք է դրական գնահատել, բայց որևէ լուրջ սպասելիքներ չպետք է ունենալ. «Սա վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը կա, երկրորդ՝ այն, որ կողմերը խոսել են շփման գծում լարվածության թուլացման մասին, ևս կարևոր է։ 2018թ. Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ, Հայաստանում ևս լինելու են ներքաղաքական որոշ իրադարձություններ, և ներկայիս ստատուս-քվոն երկու կողմին էլ ձեռնտու է»։
Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ որևէ ակնարկ չկար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։ Որոշ փորձագետներ դա համարում են հայկական դիվանագիտության ձախողումը։ 168.am-ը բանախոսներից հետաքրքրվեց, թե իրենց կարծիքով՝ ինչո՞ւ այդ պայմանավորվածություններն այս հանդիպման օրակարգում չեն եղել։
Արեգ Գալստյանի խոսքով՝ այդ հարցերը կարելի էր բարձրացնել Ժնևում, եթե նախապես որոշվեր՝ ինչ-որ կոնկրետ լուծումներ գտնել. «Այս դեպքում, որքան ես եմ հասկանում, Ժնևում նման նպատակ չի եղել, նպատակը եղել է՝ հերթական հանդիպում կազմակերպել, որպեսզի առաջնորդները հանդիպեն ու ինչ-որ բանի մասին խոսեն։ Հետևաբար, անիմաստ կլիներ խոսել նման լուրջ բաների մասին այն դեպքում, եթե առաջնորդները չեն եկել ինչ-որ լուրջ համաձայնության գալու համար։ Ես չեմ կարծում, թե սա հայկական դիվանագիտության ձախողումն է»։
Իսկ Վան Հարությունյանը, ի պատասխան մեր հարցի, ասաց, որ հանդիպման նպատակն էր՝ լարվածությունը նվազեցնել շփման գծում, և ըստ նրա՝ հենց դրա համար էլ Ժնևում չխոսվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։