«Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչվի, ավիատոմսերի գները կիջնեն, վիզային ռեժիմի ազատականացում կլինի». Ստեփան Գրիգորյան

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Հայաստան-ԵՄ համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ, եթե հրապարակում ես նման համաձայնագիր, ապա այլ խաղացողներին ասում ես՝ եթե ասելիք ունեք, այսօր ասեք.

«Օրինակ՝ եթե Ռուսաստանն ունի դիտողություններ, թող բաց ասի։ Հասկանալի է, որ առևտրի ոլորտում ԵՏՄ շրջանակներում կան խաղի կանոններ, որոնք գուցե հակասում են, ու այստեղ է, որ հրապարակումից հետո փարատվում են այդ կասկածները։ Համաձայնագրում հստակ գրված է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում է ՀՀ-ԵՄ համագործակցությունը։ Դա նշանակում է, որ որևէ հակասություն այդ հարցում չկա»։

Քննարկման մյուս բանախոս, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն առանձնացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի այն կետերը, որոնք կարող են իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ.

«Համաձայնագիրը պարունակում է շատ հստակ սկզբունքներ, որոնց վրա պետք է խարսխված լինի բարեփոխումների օրակարգը և համագործակցության օրակարգը։ Բայց կոնկրետ քայլերի մասին ընդհանուր դրույթներ կան, ինչը նշանակում է, որ շատ կոնկրետ գործողությունների շուրջ լինելու են լրացուցիչ բանակցություններ։ Ինձ շատ է բավարարում այն հանգամանքը, որ Հայաստանի համար կարևոր ոչ մի ոլորտ բաց թողնված չէ։ Հայաստանի առջև ծառացած խնդիրների ամբողջ դաշտն արտացոլված է այս համաձայնագրում։ Խոսակցություններ կային, որ տնտեսական ոլորտը համարյա հանվելու է այնտեղից, բայց մենք տեսնում ենք, որ տնտեսությանը բավականին մեծ ուշադրություն է դարձված։ Եթե Հայաստանը հետևողական լինի ու աշխատի, ապա կարող ենք առողջացման ճանապարհին կանգնեցնել մեր տնտեսությունը, որն այսօր ահավոր վիճակում է»։

Իսկ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ բոլոր ոլորտների վերաբերյալ ամեն ինչ հստակ գրված է.

«Էներգետիկայի մասով հստակ գրված է, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն պետք է շարժվեն այն սկզբունքով, որ ամեն ինչ արվի, որ և՛ էներգակիրների աղբյուրները բազմազան լինեն, բազմանան, և՛ ճանապարհները, որոնց միջոցով Հայաստան են հասնում այդ էներգակիրները։ Դա շատ կարևոր է, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, երբ գազի գինը 2 անգամ ավելի մեծ է՝ բոլոր հարևան պետությունների հետ համեմատած։ Նույնը օդային ընդհանուր տարածքի մեջ Հայաստանի մտնելու մասին։ Դուք գիտեք, որ տոմսերի գներն այստեղ 3-4 անգամ ավելի մեծ են, քան Վրաստանում, երբ Եվրոպա ենք թռչում։ Դա շատ ակտուալ խնդիր է մեր հասարակության համար։ Եթե այս պայմանագիրը կյանքի կոչվի, ավիատոմսերի գները կիջնեն։ Երրորդ ոլորտը վիզաների հեշտացման խնդիրն է։ Շատ կարևոր է, որ մեր մարդիկ կկարողանան առանց խոչընդոտի գնալ Եվրոպա, վերադառնալ, անօրինական քայլերի չդիմել։ Շատ կարևոր է, որ վիզայի ազատականացման պրոցեսը ներգրավված է այդ փաստաթղթի մեջ, նախկինում դա զուգահեռ էր գնում»։

Տեսանյութեր

Լրահոս