ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստը հրապարակվել է. Հայաստանն ունի՞ քաղաքական կամք՝ կիրառելու այդ դրույթները
Եվրահանձնաժողովը, ապա նաև ՀՀ արտգործնախարարությունը հրապարակել են Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի տեքստը: Փաստաթուղթը նախաստորագրվել էր այս տարի մարտին և պատրաստվում է ստորագրման նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում:
Փաստաթղթում նշվում է, որ Համաձայնագրի նպատակներն են՝ ամրապնդել Կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը, ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները, նպաստել ՀՀ-ում ժողովրդավարության և քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունն ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները խթանելով, և այլն։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Գևորգ Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սա Հայաստանի համար շատ կարևոր փաստաթուղթ է և կարևոր է բոլոր բնագավառների համար։
«Այլ հարց է՝ արդյոք Հայաստանը կկարողանա՞ և ունի՞ այդ քաղաքական կամքը՝ կիրառելու այն դրույթները, որ կան այդ փաստաթղթում։ Համաձայնագիրը շատ հավակնոտ փաստաթուղթ է, գրեթե ամբողջությամբ ներառում է նախկին Ասոցացման համաձայնագրի տեքստը, բացառությամբ տնտեսական հատվածի։ Մնացած բոլոր առումներով գրեթե նույնությամբ կրկնվում է, ինչը խոսում է այն մասին, որ ԵՄ-ի կողմից հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ բնավ չի նվազել, բայց հաշվի են առնվել բոլոր այն սահմանափակումները, որ Հայաստանն ունի՝ կապված Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հետ»,- ասաց Գ.Մելիքյանը։
Ըստ նրա՝ փաստաթուղթը բոլոր ոլորտներում՝ դատաիրավական համակարգ, մարդու իրավունքներ և այլն, շատ լուրջ գործողություններ է ենթադրում ՀՀ իշխանությունների կողմից, և, եթե Հայաստանը պատրաստ չէ նման պարտավորություններ ստանձնելու և մինչև վերջ տանելու, օրինակ, վիզայի ազատականացման կամ վիզայի վերացման մասին պարզապես խոսք լինել չի կարող։ Գ.Մելիքյանի կարծիքով՝ հայկական կողմը փորձում է ինչ-որ բաներ անել, բայց ենթադրել, որ ամբողջությամբ կարվի, բարդ է. «Օրինակ՝ լրջագույն պայքար կոռուպցիայի դեմ։ Մենք գիտենք, թե ինչպես ենք պայքարում և ինչպիսի արդյունքներ ենք գրանցել մինչ այժմ։ Դրա համար սա է մի փոքր մտահոգություն առաջացնում, թե արդյոք Հայաստանն իրապես կգնա՞ այդ ստորագրումից հետո նաև իմպլեմենտացիայի։ Սա, կարծում եմ, ամենակարևոր հարցն է»։
Թե ի՞նչ է սպասվում, եթե ՀՀ-ն, ի վերջո, չգնա այդ իրական փոփոխություններին, քանի որ հայ պաշտոնյաները հավաստիացնում են, թե եվրոպական կողմի աջակցությամբ բարեփոխումները շարունակվում են, մինչդեռ ԵՄ ներկայացուցիչները պարբերաբար շեշտում են իրական փոփոխությունների անհրաժեշտությունը, Գ.Մելիքյանը նշեց, որ ավելի վատ կլինի Հայաստանի և Հայաստանի բնակչության համար.
«Տուժելու է Հայաստանը։ Եթե պահանջները չկատարվեն, վիզայի ազատականացումը կարող է չլինել, որովհետև շատերը հույս ունեն, որ այս փաստաթուղթը ստորագրելուց հետո կսկսվի երկխոսություն այդ առումով, քայլ առ քայլ կմոտենանք առանց վիզայի ռեժիմին, ինչպես Վրաստանն ու Մոլդովան արդեն ունեն այդ ռեժիմը։
Ընդ որում՝ մեզ վրա ավելի խիստ աչք կա, քանի որ մենք հրաժարվել ենք 1 անգամ, և այս փաստաթուղթը կոմպրոմիսային տարբերակ է։ Եթե այս դեպքում էլ Հայաստանը պետք է կամուկացով, կիսատ-պռատ լինի, կարելի է եզրակացնել, թե Հայաստանն ինչ կերպար կարող է ստեղծել իր մասին կամ ինչ հեղինակություն կարող է ձեռք բերել եվրոպական երկրների մոտ։ Հայաստանն ինքն է ուզում համագործակցել ԵՄ-ի հետ։
Այն մոտեցումը, թե Եվրոպան նպատակ ունի Հայաստանի ընտանիքները քայքայելու, հայ գենը վերացնելու, այդ բոլոր թեմաներով պետք է դիմեն ՀՀ իշխանություններին, որովհետև 1991 թվականից սկսած ՀՀ-ն ձգտում է ԵՄ-ի հետ ունենալ ամենասերտ հարաբերությունները, բայց հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները, անվտանգային հարցերը, չի կարողանում լիարժեք զարգացնել այդ հարաբերությունները, և արդյունքում՝ ունենում ենք այսպիսի կիսատ կոմպրոմիսային տարբերակներ։ Ինչ կկատարի կամ չի կատարի Հայաստանը, ինքը պետք է մտահոգվի, ոչ թե ԵՄ-ն։ ՀՀ-ի համար մեծագույն «պատիժը» կլինի այն, որ չի ունենա։ Դա նույնն է, թե ընդունվես համալսարան և չսովորես։ Ո՞վ կտուժի»։
Անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում քիչ բան է գրված, հանձն է առնվում հետագայում խթանել ՀՀ քաղաքական, սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացումը, այդ թվում՝ արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում լայնածավալ համագործակցության միջոցով։
Փորձագետի դիտարկմամբ՝ լայնածավալ համագործակցության խնդիր չկա անվտանգության մասով. «Անվտանգության առումով փոքր հատված կա, մեծ բան չի ենթադրում։ Հայաստանն անվտանգության հարցով կհամագործակցի, բայց եթե խոսքը ԼՂ հակամարտության մասին է, ապա հղում արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, և նորմալ է, որ դրան է հղում արվում։ Առավել բան չկա։ Այլ հարց է, որ այնտեղ կա նախարարության հետ որոշակի համագործակցություն, բայց դա որևէ գլոբալ կոմպոնենտ չի»։
Հակառուսական կամ ԵԱՏՄ շահերին հակասող որևէ դրույթ կամ արտահայտություն համաձայնագրում չկա։ Ըստ Գ.Մելիքյանի՝ այս բանակցությունների նպատակը դա էր, որ ամբողջովին համաձայնեցվի ԵԱՏՄ անդամակցությունից բխող սահմանափակումների կամ իրողության հետ, այսինքն՝ այս փաստաթղթի հիմնական քննարկումը տեխնիկական առումով գնում էր հենց այդ ադապտացիայի շուրջ՝ ինչպես Ասոցացման համաձայնագիրը հարմարեցնել նոր իրողության հետ, որում Հայաստանը հայտնվել է 2015-ի հունվարից, երբ դարձավ ԵԱՏՄ անդամ։
Անդրադառնալով տնտեսական բաղադրիչին՝ Գ.Մելիքյանը նշեց, որ, թեև փաստաթղթում Ասոցացման համաձայնագրի անհամեմատ լայն հնարավորությունները չկան, սակայն առկա է GSP+ առևտրային ռեժմը, որը Հայաստանի համար այս պահին փրկություն է.
«Եթե այն չլիներ, ՀՀ-ն ոչ մի բան չէր ունենա ԵՄ-ի հետ։ GSP+-ը պահպանվում է, և անգամ դրա պարագայում բավականին լուրջ հնարավորություն կա տնտեսական առումով։ Այն միֆը, որ մեր իշխանավորները պնդում են, թե չենք կարող հայկական կոնյակն արտահանել եվրոպական շուկա, դա սուտ է։ Իրականում շատ էլ լավ կարող ենք, անկախ ամեն ինչից, պետք է համաձայնեցնել ԵՄ ստանդարտներին և արտահանել։ Դա հիմա էլ կարող են անել»։
«Այս փաստաթուղթը լավ գործիք է Հայաստանի համար։ Թե ինչպես ինքը կօգտվի դրանից, դա միայն Հայաստանը գիտի, և ժամանակը ցույց կտա»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ տեքստը վերջնական չէ, քննարկումներ կլինեն, դեռևս կարող են փոփոխություններ լինել, նաև նախքան նոյեմբերի 24-ին նախատեսվող ստորագրումը այն պետք է վավերացնեն ԵՄ 28 երկրների կառավարությունները։