«Դպրոցի ներսում պետությունն ասելիք չունի». Արևիկ Անափիոսյան
«Կրթական համակարգի կուսակցականացվածության նպատակներից մեկն իշխանության վերարտադրությունն է, որը քաղաքական նպատակն է, երկրորդը՝ ստեղծել այնպիսի հասարակություն, որն ունակ չի լինի տրանսֆորմացվել ժողովրդավար հասարակության»,- այսօր կազմակերպված «Կուսակցականացված դպրոցներ. սերունդներ կրթո՞ղ, թե՞ կուսակցություններին ծառայող կրթօջախներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արևիկ Անափիոսյանը։
Նրա խոսքով՝ չկա դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունների տարանջատում, որպեսզի այս խնդրին լուծում տրվի. «Շատ պարզ է նաև, որ չունենք իրավական կարգավորում»։
Առաջին լուծումը, ըստ նրա՝ կառավարման խորհուրդների կազմում փոփոխություններ անելն է. «Այդ կեսը, որ գալիս են իշխանությունից, այնտեղ պետք է ասելիք չունենան։ Հաճախ ասում են, թե պետական դպրոց է, պետությունն ասելիք չունենա՞. պետությունն ասելիք ունի իր քաղաքականությամբ, իր օրենքներով, դպրոցի ներսում պետությունն ասելիք չունի։ Տնօրենները չպետք է իրենց պայմանագրերը կնքեն մարզպետների կամ քաղաքապետերի հետ, որովհետև դա ակնհայտորեն շահերի բախում է և լծակ՝ աշխատանքից ազատելու։ Մանկավարժները պետք է ունենան իրենց աշխատանքային իրավունքների հստակ պաշտպանություն։ Քանի որ այսօր ունենք ահագնացող գործազրկության թվեր, ապա պետք է երաշխիքներ ստեղծվեն, որ իրենց քաղաքական պատկանելության համար դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին աշխատանքից չեն ազատի»։
Մյուս լուծումը, ըստ նրա՝ այն է, որ մամուլում շատ խոսեն կրթության մասին. «Մի ժամանակ այդ մասին չէին խոսում, հիմա խոսում են այդ մասին, և պետք է տարբեր միջոցներով մարդկանց հասկացնել, որ կրթությունը կարևոր է։ Կրթությունը միայն առավոտյան արթնանալն ու դպրոց կամ բուհ գնալը չէ, այլ իրականում մեր հասարակության տրանսֆորմացիան է։ Ծնողը խոսում է դասագրքերից, բայց ինչ պետք է անել՝ չգիտի։ Եթե սկսենք բարձրաձայնել, խոսել այս ամենի մասին, ապա կկարողանանք նաև այդ քաղաքական կամքի բացակայության վրա ազդել»։
Անափիոսյանը նշեց, որ ԿԳՆ Ասիական զարգացման բանկի ռեսուրսներով պատվիրել է, որ փորձագետները մշակեն կառավարման խորհուրդների փոփոխության հայեցակարգ. «Բազմիցս փորձել ենք ծանոթանալ այդ հայեցակարգին, բայց թույլ չեն տալիս»։