Հայաստան-ԵԱՏՄ. Առևտրաշրջանառության չերևացող կողմը
Երեկ Հայաստանում տեղի է ունեցել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստը։
Բացմանը ելույթ ունենալով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների միջկառավարական բոլոր մակարդակներում տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, բայց առկա ներուժը դեռ լիարժեք չի օգտագործվել:
«Ավելին, ներուժը շատ ավելին է, քան այսօր գոյություն ունեցողը: Վստահ եմ, որ միջտարածաշրջանային հորիզոնական շփումը կարևոր բաղադրիչ է, առավել ևս, որ վերջին շրջանում մենք Հայաստանի կառավարությունում ընդգծել ենք մեր մարզերի ղեկավարների հաշվետվողականության տնտեսական բաղադրիչի կարևորությունը: Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ունենք ներմուծման և արտահանման աճ: Ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո ունենք 37 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում»,- ասել է նա:
Մի պահ մոռանանք զբոսաշրջությունը և կենտրոնանանք առևտրաշրջանառության վրա։ Ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ երկրների հետ ընդհանրապես։ Ի՞նչ դինամիկա ունենք՝ այս տարվա համար։
Միանգամից նշենք, որ այո՝ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ, ինչպես և նշում է վարչապետը։ Աղյուսակը, որը դուք տեսնում եք, կազմված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բազաների տվյալներից՝ 2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածի համար (հունվար-օգոստոսը ԵՏՀ կայքում դեռ զետեղված չէ)։
Ինչպես տեսնում եք, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 946,4 մլն դոլար։ 2016 թվականի հունվար-հուլիսին այդ ցուցանիշը 721,6 մլն դոլար էր։ Այսինքն՝ ընդհանուր ԵԱՏՄ-ի գծով ունենք առևտրաշրջանառության 31,2% աճ։
Այդ թվում՝, Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունն աճել է 31,4%-ով, Բելառուսի հետ առևտուրը՝ 25,4%-ով, Ղազախստանի հետ՝ 5,9%-ով և Ղրղըզստանի հետ՝ 2,6 անգամ։
Սակայն այս թվերը մյուս կողմից՝ խոսում են այն մասին, որ ԵԱՏՄ ասվածը մեզ համար գրեթե ամբողջությամբ Ռուսաստանն է։ Ռուսաստանին բաժին է ընկնում ԵԱՏՄ-ի հետ մեր առևտրաշրջանառության 97%-ից ավելին։ Մյուս 3 երկրների կշիռները շատ փոքր են, հատկապես՝ Ղրղըզստանինը։
Սակայն առևտրաշրջանառության ցուցանիշը՝ որպես այդպիսին, շատ բան չի ասում։ Ավելի ամբողջական պատկեր ունենալու համար պետք է ուշադրություն դարձնել նաև արտահանման, ներմուծման տվյալների և առևտրի հաշվեկշիռներին։
Ներմուծումն աճել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների գծով։ Տոկոսային առումով ամենից շատ աճել է Ղրղըզստանից Հայաստան ներմուծումը՝ 919 անգամ։ Այո, սա վրիպակ չէ։ Բանն այն է, որ 2016 թվականի հունվար-հուլիսին Ղրղըզստանից Հայաստան էր ներմուծվել ընդամենը 10 դոլարի ապրանք, այս տարվա հունվար-հուլիսին՝ 9196 դոլարի։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ից Հայաստան ներմուծումը նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ աճել է 33.3%-ով և կազմել 679.4 մլն դոլար։
Արտահանումը նույն ժամանակահատվածում աճել է 29%-ով և կազմել 267 մլն դոլար (որից 260.7 մլն դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Սակայն արտահանման դեպքում պատկերը մի փոքր այլ է՝ բոլորի գծով չէ, որ ունենք արտահանման աճ։ Մասնավորապես, Հայաստանից Բելառուս արտահանումը նվազել է 35.1%-ով և կազմել 3.9 մլն դոլար։ Տոկոսային առումով ամենից շատ աճել է դեպի Ղրղըզստան արտահանումը՝ 2.2 անգամ, ինչը պայմանավորված է հիմնականում դեղորայքի արտահանմամբ։ Այդ իսկ պատճառով, եթե կրկին աչքի անցկացնեք վարչապետի խոսքը՝ արտաքին առևտրի մասով, կզգաք, որ ձևակերպումը բավականին զգուշավոր է. առևտրաշրջանառության աճը շեշտվում է բոլոր երկրների համար, իսկ ներմուծման և արտահանման աճն այդ կոնտեքստից դուրս է, որովհետև ոչ բոլորի դեպքում է արտահանումն աճել։
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշռին, ԵԱՏՄ 4 գործընկերներից 3-ի հետ՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ, այն բացասական է. ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։ Արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ ունենք միայն Ղրղըզստանի հետ, սակայն բացարձակ թվով այն շատ փոքր է և ընդհանուր պատկերի վրա գրեթե չի ազդում։
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշիռը 2017 թվականի հունվար-հուլիսին բացասական է՝ -412 մլն դոլար։
Ամենամտահոգիչ միտումն այն է, որ բացասական սալդոն աճում է, քանի որ Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն ավելի դանդաղ է աճում, քան ներմուծումը։ 2016 թվականի հունվար-հուլիսին արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 311 մլն դոլար էր։ Մասնավորապես, ԵԱՏՄ մեր գլխավոր գործընկերոջ հետ պատկերն այսպիսին է. արտահանումն աճել է 30.9%-ով, ներմուծումը՝ 32.7%-ով։ Սա նշանակում է, որ չնայած առևտրաշրջանառության և արտահանման ծավալների աճին՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրի դինամիկան առայժմ մեր օգտին չէ։