«Վերջին տարիներին միջազգային ճնշումն Արցախի հարցում մեր նկատմամբ բավականին մեծանում է». Պատմաբան

«Այսօր միջազգային մեծ խաղացողների հիմնական ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե Հարավային Կովկասի հակամարտությանը՝ ի դեմս արցախյան հակամարտության, այլ ավելի շատ` Սիրիայի և քրդական խնդրով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց պատմաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը:

Ըստ նրա՝ սա մեզ հնարավորություն է տալիս ևս շատ կարճ ժամանակ շահել, որովհետև, նրա դիտարկմամբ, վերջին տարիներին միջազգային ճնշումն Արցախի հարցում մեր նկատմամբ բավականին մեծանում է.

«Դրա ապացույցներից մեկն այն էր, որ ՄԱԿ-ում ելույթ ունեցավ Ադրբեջանի Հանրապետության նախագահը և իր դիրքորոշումն ավելի կոշտացրեց: Ի պատասխան դրան՝ ՀՀ նախագահի ելույթը և հատուկ անդրադարձը, որ Արցախի ինքնիշխանությունը չի կարող վիճարկելի լինել, ցույց է տալիս, որ հայկական կողմը նույնպես պահպանում է իր դիրքորոշումը: Ապրիլյան պատերազմից հետո երկու կողմերի միջև վստահությունը բավականին խաթարվեց, ու դա չի վերականգնվել: Դրա մասին է վկայում վերջերս Նյու Յորքում տեղի ունեցած Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումը, որը որևէ բան հայկական կողմին չտվեց՝ բացի խոստումներից, որ պետք է պատրաստվի նախագահների միջև հանդիպում»:

Գ. Մելքոնյանը նշեց, որ հարաբերական խաղաղություն է տիրում, որովհետև երկու կողմերն էլ գտնվում են սպասողական վիճակում ու կատարում են իրենց վերջին ռազմական և դիվանագիտական նախապատրաստական աշխատանքները:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին՝ եթե արտգործնախարարների հանդիպումը հայկական կողմին որևէ բան չտվեց, ապա ի՞նչ կարելի է ակնկալել նախագահների հանդիպումից, բանակցային գործընթացում հնարավո՞ր է՝ բեկում լինի, Գ. Մելքոնյանն այսպես պատասխանեց. «Վերլուծելով ՄԱԿ-ում Ալիևի ելույթը և հայտարարությունների տոնայնությունը, կարող եմ ասել, որ նախագահների մակարդակով հանդիպումը նույնպես բեկում չի կարող մտցնել արցախյան խնդրում, որովհետև Ադրբեջանը, հատկապես, վերջին 7 տարիներին, կոշտացնում է իր դիրքորոշումը, և այդ դիրքորոշման կոշտացման արտահայտությունը հենց հայտարարությունն էր և անձնական մեղադրանքները, որին հետևեց մեր պատասխանը, որ Արցախի կարգավիճակը բանակցային քննարկման առարկա չէ: Սա նշանակում է, որ երկու կողմերն էլ շարունակում են մնալ իրենց դիրքորոշմանը, իսկ ադրբեջանական կողմն իր դիրքորոշումն ավելի է կարծրացնում և պնդացնում: Նման իրավիճակում սպասել բեկումների, կարծում եմ՝ ռոմանտիզմի ժանրից է»:

Մեր ճշտող հարցին, թե՝ խնդրի լուծումը ռազմակա՞ն ճանապարհով եք տեսնում, Գ. Մելքոնյանն այսպես պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Ռազմական գործողություններ 1990-ական թվականներին եղել են, բայց խնդիրը չի լուծվել: Բանակցություններով էլ չի լուծվում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս