«Մի ափսոսացեք այն գումարները, որ այսօր պետք է տաք կենսաթոշակային համակարգին». Սոցիոլոգ
Թոշակառուների թիվը Հայաստանում կրճատվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը 1996 թվականին ունեցել է 3.7 միլիոն բնակիչ, 450 հազար թոշակառու, այսինքն՝ բնակչության 12 տոկոսը. «2006 թվականին 360 հազար թոշակառու՝ 11 տոկոսը, 2016 թվականի կտրվածքով՝ 300 հազար՝ 10 տոկոսը, այսինքն՝ նրանց քանակը գնալով կրճատվում է: Պատճառներից մեկը ոչ թե այն է, որ նրանք շուտ են մահանում, այլ արտագաղթն է: Թոշակների առումով՝ 1996 թվականին միջին թոշակը եղել է 3150 դրամ, 2006 թվականին՝ 12 հազար, հիմա 40 հազար դրամ է: Այսպիսի մի ստանդարտ կա, թոշակաը պետք է կազմի աշխատավարփի գոնե 60 տոկոսը, որ թոշակառուն կարողանա լիարժեք ապահովի իր կենսամակարդակը: Մեզ մոտ 40 հազարը կազմում է միջին աշխատավարձի 23 տոկոսը»:
Սոցիոլոգը նշեց, որ իրենց հարցումները ցույց են տալիս, որ երիտասարդների 3 քառորդն իր ճակատագիրը չի կապում Հայաստանի հետ, հետևաբար՝ իմաստ չի տեսնում կուտակային կենսաթոշակային համակարգով գումար հավաքել ծերության համար. «Մի ափսոսացեք այն գումարները, որ այսօր պետք է տաք կենսաթոշակային համակարգին»:
Հարցին՝ կա՞ վիճակագրություն, թե ծերանոցում հայտնված մեծահասկաների ո՞ր մասն է, որ սոցիալական խնդիրներով են հայտնվել այնտեղ՝ սոցիոլոգն այսպես պատասխանեց. «Երեխաների հրաժարվելու պատճառով այնտեղ հայտնվածների թիվը մեր տվյալներով շատ քիչ է»:
Ըստ նրա՝ հայերի մեջ բարեսրտությունը շատ քիչ է. «Եթե մի քիչ շատ լինի, ամեն համայնքապետ իր գյուղում ցուցակ կկազմի, կիմանա՝ ով ինչի կարիք ունի: ՀՀԿ-ն նման ցուցակներ ունի, ու իր համայնքի ղեկավարները ուշի ուշով հետևում են այդ ընտանիքներին, իրենց ունևոր հարազատների հաշվին իրենք աջակցություն են ցուցաբերում այն հույսով, որ ընտրություններին ձայն կտան: Համարեք սա կաշառք, թե ոչ, դա ողջունելի է»: