Կորպորատիվիզմի շրջանակներում հակված են պաշտպանել իրենց գործընկերոջ շահը. ինչպես պետք է ընտրվեն բարձրագույն խորհրդի անդամ դատավորները
Գործող Արդարադատության խորհրդի կազմի առերևույթ համապատասխանությունը միջազգային իրավական չափանիշերին գործնականում համապատասխանության հետ շատ մեծ աղերս չունի։
Այս մասին այսօր «Դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանադրաիրավական զարգացումների լույսի ներքո» թեմայով կոնֆերանսի ընթացքում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ներկայումս Արդարադատության խորհուրդը բաղկացած է 9 դատավոր անդամներից և 4 իրավաբան-գիտնականներից։ Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այստեղ ոչ թե անձի կամ անձերի խնդիր է, այլ ինստիտուցիոնալ անկախության ապահովմանն է վերաբերում։
«Նույնիսկ միջազգային իրավական տարբեր փաստաթղթերում և հատկապես՝ Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերում միանշանակ փաստվում է այն հանգամանքը, թե ինչու դրա կազմում չպիտի լինեն միայն դատավորներ, կամ ինչու դատավորները չպիտի գերակշռեն այդ խորհուրդներում։ Սա միայն հայաստանյան փորձի հիման վրա արված եզրահանգում չէ, սա միայն մեր բացառիկ խնդիրը չէ։
Բոլորն ունեն այդ խնդիրը, և բոլորի խնդրների վերհանման արդյունքում է, որ Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ պիտի հավասարակշռում լինի, և ցանկալի է՝ լինի հավասար ներկայացվածություն, որպեսզի խուսափենք կորպորատիվիզմի երևույթից, որը կարող է գոյություն ունենալ, իսկ հաճախ գործնականում գոյություն ունի, որովհետև առավել հաճախ դատական համակարգի ներկայացուցիչներն այդ կորպորատիվիզմի սկզբունքի շրջանակներում հակված են պաշտպանել իրենց գործընկերոջ շահը։
Որքան էլ իրավական կամ բարոյական չափանիշերի տեսանկյունից դա դատապարտելի համարենք, ինչ-որ առումով ինստիտուցիոնալ հիմքերի առկայության տեսանկյունից բնական կամ օրինաչափ չհամարել չենք կարող։ Ստեղծված են այնպիսի հիմքեր, որոնք այդպիսի գործունեության համար պարարտ հող են ստեղծում, և այդ պարարտ հողում էլ արդյունքները երևում են։ Այդ պատճառով, իմ խորին համոզմամբ, շատ ճիշտ կարգավորում է ընտրված սահմանադրական կարգավորումների արդյունքում։ Այդ կարգավորումը հանգում է նրան, որ հավասար ներկայացվածություն պետք է լինի՝ 5 դատավոր անդամ, իսկ մյուս 5-ը դատական համակարգի ներկայացուցիչ չպիտի լինեն»։
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին պիտի ընտրի դատավորների ընդհանուր ժողովը, իսկ ոչ դատավոր անդամներին՝ Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ «Խորհրդարանը նրանց պետք է ընտրի ձայների որակյալ մեծամասնությամբ։ Ես նույնիսկ կասեի՝ որակյալ մեծամասնությունից դեռ ավելի բարձր քվոտա է ընտրված, և այսօրվա խորհրդարանի պայմաններում երեք հինգերորդը նշանակում է՝ նվազգույնը մեկ ընդդիմադիր խմբակցություն պետք է համաձայն լինի այդ անդամներին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Անդրադառնալով բարձրագույն դատական խորհրդի հետ կապված այլ հարցերի՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ որքան էլ կարողանանք դատողություններ անել նախորդ փորձառությունների հիման վրա, պարտավոր ենք ընդունել, որ գործ ունենք նոր իրողությունների հետ։
«Այդ նոր իրողությունները 2018թ. ապրիլից հետո կսկսեն գործել ամբողջ ծավալով, և միայն այդ ժամանակ մենք կկարողանանք ոչ միայն տեսական, այլև մեր էմպիրիկ փորձի վրա հիմնված դատողություններ անել այս կամ այն ինստիտուտի, այդ թվում՝ բարձրագույն դատական խորհրդի գործունեության հետ կապված։ Այժմ նախորդ փորձառությունը հիմնված է բոլորովին ոչ խորհրդարանական կառավարման ձևի կառավարման պայմաններում գոյություն ունեցած իրողությունների վրա»,- ասաց նա։