Հայաստանը պատանդ չէ հայ-թուրքական արձանագրություններին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան այդպես էլ չկատարեց իր ստանձնած պարտավորությունները: 2009 թվականին Հայաստանի նախաձեռնած «Ֆուտբոլային դիվանագիտությունը» և Ցյուրիխյան գործընթացը տապալվեցին Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության և քաղաքական կամքի բացակայության պատճառով:

Պատահական չէ, որ օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցին անդրադարձավ նախ՝ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ժամանակ, այնուհետև՝ ՄԱԿ ԳԱ-ում ունեցած իր ելույթում՝  ցույց տալով, որ այս հարցը կարևոր տեղ է զբաղեցնում համահայկական օրակարգում:

Համահայկական համաժողովի իր ելույթում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նախագահը նշեց, որ Թուրքիան փորձում է «Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ ևս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»: Այնուհետև ՀՀ նախագահը հայության համար այս կարևոր հարցը տեղափոխեց ՄԱԿ ԳԱ ամբիոն, որտեղ պաշտոնապես հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ մինչև 2018թ. գարուն որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում՝ Հայաստանը դրանք հայտարարելու է առոչինչ:

Այս հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՀՀ քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր: Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացում որևէ առաջընթաց չգրանցելն արդեն իսկ հանգեցրել էր նրան, որ ՀՀ նախագահը 2015թ.-ին ստորագրված արձանագրությունները հետ էր կանչել ՀՀ Ազգային ժողովի օրակարգից, և դրական տեղաշարժ չլինելու պարագայում հաջորդ տրամաբանական քայլը պետք է լիներ ստորագրությունը հետ կանչելը:

Կարդացեք նաև

Թուրքիայի նման պահվածքը Հայաստանի համար, բնականաբար, անսպասելի չէր՝ հաշվի առնելով պատմության ընթացքում հայ-թուրքական առնչությունների «հարուստ փորձը»: Բայց այլ  հարց է իրավիճակի միջազգային ընկալումը: Եվ այս գործընթացը, փաստացի, «բացեց նաև միջազգային հանրության աչքերը»՝ ցույց տալով, որ Թուրքիայի իշխանությունները փորձում էին արձանագրությունները ծառայեցնել իրենց շահերին՝ վարելով իմիտացիոն քաղաքականություն: Ցյուրիխյան գործընթացը, իր բոլոր փուլերով, աստիճանաբար աշխարհին ցույց տվեց Թուրքիայի իրական դեմքը:

Նշենք, որ հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ համարելու մտադրության մասին ՀՀ նախագահի հայտարարությունը ՄԱԿ ԳԱ ամբիոնից պատահական չէր: Այն ՀՀ քաղաքական մշակույթի ևս մեկ դրսևորում էր: Հայաստանի Հանրապետությունը մշտապես փորձել է միջազգային գործընկերների համար լինել կանխատեսելի և ընկալելի. չանել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չընկալվել կամ դիտվել շատ ռադիկալ: Այս առումով ՀՀ նախագահի ելույթը նաև ուղերձ էր միջազգային հանրությանը, հատկապես՝ այն երկրներին, որոնք որևէ առնչություն են ունեցել Ցյուրիխյան գործընթացին, որ, եթե իրենք դեռևս քայլեր ունեն իրականացնելու Թուրքիային կառուցողական դաշտ բերելու համար, դրա համար կա որոշակի ժամանակ: Քաղաքական այս մշակույթին ականատես ենք եղել նաև ստորագրված արձանագրություններն Ազգային ժողովի օրակարգից հետ կանչելու ժամանակ:

Միաժամանակ, ՀՀ նախագահն Անկարային հստակ ասաց, որ «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը»:

Այսպիսով, պետք է փաստել, որ հաշվի առնելով Թուրքիայում տիրող իրավիճակն ու այնտեղ ընթացող զարգացումները՝ Հայաստանն առնվազն այս փուլում Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ դրական զարգացման ակնկալիք չունի: Թուրքիայի հետ քաղաքական երկխոսություն հաստատելու համար, ՀՀ-ն, ամենայն հավանականությամբ, կսպասի Թուրքիայում առավել ժողովրդավար, չբարդույթավորված, հավասարակշիռ և պատասխանատու իշխանության:

Գրետա Ավետիսյան
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ

Տեսանյութեր

Լրահոս