«Հայաստանը կարող է առաջիկայում լուրջ ձեռքբերումներ գրանցել նանոտեխնոլոգիաների ոլորտում». ՀՀ-ում Իրանի դեսպան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ, Երևանում անցկացվում է նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համաժողով:
Երկօրյա համաժողովի առաջին օրը քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների քաղաքականությանն առնչվող հարցերն ու ծրագրերը, ինչպես նաև ներկայացվել են գիտական զեկուցումներ: Այսօր արդեն տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, սարքավորումները, առևտրայնացման փորձը, ինչպես նաև կանցկացվեն քննարկումներ` հայկական և իրանական ընկերությունների միջև համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Հայաստանի Հանրապետության կառավարության և իր անունից ողջունել է նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական առաջին համաժողովի մասնակիցներին, հյուրերին, կազմակերպիչներին և մաղթել բեղմնավոր աշխատանք։ Նշելով, որ Իրանը մեծ առաջընթաց է գրանցել նշված ոլորտում, և այս առումով հայ գործարարների համար լայն հնարավորություններ են բացվում, նախարարը հույս հայտնեց, որ համաժողովն արժեքավոր ներդրում կունենա Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար, որ հայ ու իրանցի գիտնականների և գործարարների համագործակցության արդյունքում նոր լուծումներ կգտնվեն և բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կկառուցվեն նոր գործարաններ։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադն իր խոսքում նույնպես գոհունակություն հայտնեց միջոցառման կազմակերպման առիթով և շեշտեց, որ այսպիսով երկու երկրների ժողովուրդների համար նոր պատուհան է բացվել, ու անհրաժեշտ է լավագույնս օգտագործել այդ հնարավորությունը։ Իրանի դեսպանը նշեց նաև, որ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանը կարող է առաջիկայում լուրջ ձեռքբերումներ գրանցել նանոտեխնոլոգիաների ոլորտում։
Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Սաեդ Սարկարն իր ողջույնի խոսքում համոզմունք հայտնեց, որ հայ և իրանցի գիտնականների ու գործարարների այս համագործակցությունը շարունակական է լինելու և տալու է իր դրական արդյունքները։
Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Իրանի գիտական և գործարար համայնքների, շահագրգիռ պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կազմակերպիչները նշում են, որ համաժողովը գործընկերային կապեր հաստատելու գերազանց հարթակ է գիտատեխնոլոգիական և գործարար հանրության համար:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի խոսքով՝ համաժողովի ընթացքում ներկայացվելու են տեխնոլոգիաներ, որոնք կիրառական են տնտեսության մեջ:
Ըստ Էմիլ Տարասյանի՝ համաժողովը կնպաստի Հայաստանում գիտական և արտադրական ուղղությունների զարգացմանը:
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ, Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը» («Support to SME Development in Armenia» (SMEDA) ծրագրի շրջանակում` Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) աջակցությամբ:
Սիրարփի Աղաբաբյան