«Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի օրակարգի ամենավերջին տեղում է». Ալի Բայրամօղլու

«Այստեղ գտնվող մտավորականներս այն զանգվածն ենք ներկայացնում, որ ուզում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որ Թուրքիան վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և հայ ու թուրք հասարակությունները մերձենան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Թուրքիայի մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն:

Նրա խոսքով՝ 2008 թվականին սկսված հայ և թուրք ժողովուրդների մերձեցման գործընթացը, որը նաև զուգակցվում էր Ցեղասպանության մասին հիշողությունների վերհանումով, Թուրքիայում ավտորիտար ռեժիմի կոշտացման հետ միասին, կարծես, ձախողվեց. «Նույն ձևով էլ Հայաստանի և Թուրքիայի պետությունների միջև հարաբերությունները տարբեր պատճառներով ձախողվեցին: Մեր այսօրվա ներկայությունը կարծես խորհրդանշական շարունակությունն է 2008 թվականին սկսված այդ գործընթացի, որով ուզում ենք ցույց տալ, որ մենք պատրաստ ենք այդ գործընթացը շարունակելու»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց պաշտոնական Անկարային՝ դեռևս 2009 թվականին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: Նա ասաց, որ ինքը պատրաստ է առոչինչ համարել այդ փաստաթղթերը մինչև հաջորդ գարուն:

Խոսելով ՀՀ նախագահի այս քայլի մասին՝ Ա. Բայրամօղլուն ասաց, որ ավտորիտար ռեժիմը մի փաստ է Թուրքիայում, որը բացասաբար է ազդում թե՛ արտաքին քաղաքականության վրա, թե՛ Թուրքիայի ներքին խնդիրների վրա. «Եթե 2008-2009 թվականների Հայոց ցեղասպանության նկատմամբ հետաքրքրությունը, խոսակցություններն աննախադեպ կերպով աճ էին ապրում, ավելի շատ էր խոսվում, քննարկվում այդ մասին, հիմա կարող ենք ասել, որ դա օրակարգի ամենավերջին տեղերում է: Թուրքիայում առկա մեկ մարդու իշխանությունը՝ հանձին Ռեջեփ Թայիբ Էրդողանի, որն ամբողջ իշխանությունը կուտակում է իր ձեռքում, այս խնդրի շուրջ էլ ռացիոնալ որոշումների կայացմանը մեծ խոչընդոտ է առաջացնում և ավելի շատ հակված է պոպուլիստական, ազգայնական մտածողությամբ մոտենալ այս խնդիրներին»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս