Թուրք գործիչները հույս ունեն, որ Պուտինը երկուշաբթի օրը կհամոզի Էրդողանին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում
«Մեծ ուրախություն ենք զգում, որ այսօր գտնվում ենք այստեղ՝ ՀՀ-ի անկախության 26-րդ տարեդարձին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրազը:
Նա հիշեցրեց, որ Թուրքիան առաջին պետությունների շարքում է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը.
«Սակայն, ցավոք, հետագայում հարաբերությունների զարգացման համար տարբեր արգելքներ առաջ եկան, և հարաբերությունները չզարգացան: Այդ 2008 թվականի գործընթացները և արձանագրություններն այն ժամանակ մեզ շատ էին ոգևորել: Ինչպես երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս արձանագրություններն առանց նախապայմանների պետք է ընդունվեն, մենք էլ Թուրքիայում դրա պայքարն ենք տալիս: Երկուշաբթի օրը պարոն Պուտինը և պարոն Էրդողանը հանդիպելու են, ու դա էլ կարող է մի շանս լինել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տեսանկյունից:
Հուսով ենք, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է ոչ միայն Սիրիայի խնդիրը, այլև հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու համար կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը»:
Թուրքիայից ժամանած ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթիրջօղլունն էլ նշեց, որ իրենք իրենց այցը դիտարկում են՝ որպես 2008 թվականին սկսված Ցեղասպանության ճանաչման համար պայքարի գործընթացի շարունակությունը: Որպեսզի այս երկու հասարակությունները կարողանան պատմությունից ժառանգություն ստացած այդ խնդիրները լուծել, ճանապարհներից մեկն է, օրինակ, առևտրի զարգացումն այդ երկու երկրների միջև: Այս տեսանկյունից՝ առաջնահերթություն է ստանում սահմանների բացման հարցը, որովհետև փակ սահմաններով հնարավոր չէ շատ խորը համագործակցություն, և սահմանները բացելու դեպքում միայն կարող է՝ և՛ առևտրային հարաբերություններ զարգանան, և՛ ժողովուրդները մերձենան: Ներկայումս Թուրքիայում տիրող քաղաքական մթնոլորտը ավտորիտար և ազատությունները սահմանափակող է»:
Գրող, ակտիվիստ Սաիդ Չեքինօղլուն, որը նույնպես Թուրքիայից է ժամանել, նշեց, որ ինքը 1990 թվականից սկսած հայերի նկատմամբ տեղի ունեցած այդ «պատմական անարդարությունը» վեր հանելու, լուսաբանելու համար է աշխատել:
«Դրանից հետո էլ համագործակցել եմ պարոն Արագած Ախոյանի «Վերադարձ» հիմնադրամի հետ: Անկարայում պարոն Ախոյանի հետ միասին մի կոնֆերանս էինք կազմակերպել: Անկարայում երթ կազմակերպեցինք Արևմտյան Հայաստանի արևմտահայերի ազգային կոնգրեսի կազմակերպության հետ, մարդու իրավունքների հուշաձանի մոտ ծաղկեպսակ դրեցինք, այսօր այդ մարդու իրավունքների հուշարձանը ոստիկաններով է շրջապատված, և մարդիկ չեն կարողանում մոտենալ այդ հուշարձանին: Այսօր Թուրքիայում տիրում է ավտորիտար ռեժիմ, սակայն այնպես չէ, որ նախկինում այլ կերպ է եղել, ավելի վատ ռեժիմներ էլ են եղել, և Հայոց ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքը նախկինում էլ էր նույն կերպ վատը»,- նշեց թուրք գործիչը: