«Եթե Արցախի հարցը կա, և պատերազմը կա, դա հենց Սովետական Միության քաղաքականության հետևանք է». Արա Պապյան
«Գիտականորեն ապացուցված է, որ գալիս է որոշակի տարիք, դա 50-ից վերև տարիքն է, որ մարդը սկսում է կարոտել իր մանկությունը և երիտասարդությունը՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը՝ խոսելով Հայաստանում Սովետական Միությանը կարոտած սերնդի մասին:
Նրա խոսքով՝ այդ սերունդը ոչ այնքան Սովետական Միությանն է կարոտում, այլ իր երիտասարդությունը. «Այդ նոստալգիկ տրամադրությունների հիմքում կեղծիք է դրված, որովհետև, երբ ասում են՝ Սովետական Միության ժամանակ բժշկությունը ձրի էր, ուսումը ձրի էր, ամեն ինչ լավ էր, սուտ է: Հետո, չգիտես ինչու, Սովետական Միություն ասելով՝ հասկանում են 1970-80 ական թվականները, բայց այդ Սովետական Միությունն անցել է արյան այնպիսի բաղնիքների միջով 1920, 30 և 40-ական թվականներին, որ քիչ երկրներ են նման կորուստներ ունեցել, և մենք՝ հայերս, դրա տուժողներից ենք: Չմոռանանք, որ այսօրվա խնդիրների մի մասը հենց գալիս է Սովետական Միությունից, օրինակ, եթե Արցախի հարցը կա, և պատերազմը կա, դա հենց Սովետական Միության քաղաքականության հետևանք է, այսինքն՝ եթե անարդարացիորեն Արցախը չդրվեր Ադրբեջանի վարչական ենթակայության տակ, մենք ո՛չ շրջափակում կունենայինք, ո՛չ էլ այդ պատերազմը»:
Ա. Պապյանի խոսքով՝ այն խնդիրները, որ այսօր կան, ոչ թե անկախության հետևանք է, կամ անկախությունն է դրա պատճառը, այլ հաճախ ոչ բավարար անկախությունն է դրա պատճառը. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանը, լիելով դե յուրե անկախ երկիր, դե ֆակտո կա ինքնիշխանության որոշակի էռոզիա: Ինքնիշխանությունն ու պետականությունն էլ ինքնանպատակ չեն, կարելի է դրանց մի մասը զոհել, շատ երկրներ են դա անում, բայց դրա դիմաց պետք է համարժեք ինչ-որ մի բան ստանա երկիրը: Օրինակ, ԵԱՏՄ-ի համար մենք զոհաբերեցինք մեր ինքնիշխանության էական մասը, բայց ես դրա համարժեք հատուցումը չեմ տեսնում»: