«Հայ զինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը»

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, մեկնարկեց Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը, որին այս տարի մասնակցում է շուրջ 1800 հայ՝ 71 երկրներից: Համաժողովի բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ նախորդ համագումարից անցել է երեք տարի, և այդ երեք տարիների ընթացքում, ըստ նախագահի՝ լարվածությունը մեր տարածաշրջանում չի նվազել:

Ադրբեջանի վայրագությունների մասին

«2016-ի ապրիլին մեր ժողովրդին նորից պարտադրվեց պատերազմ, և մենք նորից պատվով դիմագրավեցինք հակառակորդի կողմից նախնադարյան մտածողության արգասիք վայրագությանը: Այսօր մենք պետք է դրվատենք մեր զինվորների և սպաների անձնվիրությունը, հերոսությունը և մարտական ոգին, բայց պետք է չմոռանանք, որ կարճատև պատերազմում մենք ունեցանք նաև կորուստներ: 2016-ի ապրիլին մենք կրկին ցույց տվեցինք աշխարհին մեր միասնականությունը և հայի անկոտրում ոգու ուժը: Մենք համախմբվեցինք, լարեցինք մեր ուժերը մարտի դաշտում, որպեսզի այնուհետև ամրագրենք մեր շահերը բանակցությունների սեղանի շուրջ: Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ միջազգային դատարանները, համոզված եմ, դեռ իրենց վճիռները կկայացնեն»:

Նախագահն ընդգծեց՝ Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը. «Հայ զինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը՝ իրականության հետ կապը կորցրած հարևան երկրի իշխանությունների դեմ: Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսում և այդ քարոզչությունը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու սփյուռքում, ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը:

Չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ: Մենք համոզված ենք, որ միջազգային խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխարգելման համար կարևոր է մարդու իրավունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքների իրացումը, քանի որ գրեթե բոլոր դեպքերում այդ իրավունքի սահմանափակումն առաջացնում է քաղաքական ճգնաժամ, և ապա՝ պատերազմ»:

Պատմական փաստ է

Նախագահն անհրաժեշտ համարեց արձանագրել, որ պետության դիրքորոշումը մնացել է նույնը՝ Արցախի Հանրապետության բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, և պարբերաբար անցկացվող հերթական ընտրություններով, պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ ու հայրենասեր քաղաքացիների ջանքերով ամեն օր իրացնում է իր այդ իրավունքը.

«Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է: Մնացյալ հարցերը կարելի է կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Տարիների ընթացքում, չնայած բոլոր տեսակի քաղաքական առասպելներին, մենք ապացուցել ենք, այս ուղուց մեզ շեղել հնարավոր չէ: Անկայուն իրավիճակը մեր սահմաններին նախևառաջ՝ մեզ ստիպում է ավելի աչալուրջ լինել արտաքին վտանգների նկատմամբ և ինքնակազմակերպվել մեր երկրում՝ կառուցելով ավելի արդյունավետ պետական կառավարման համակարգ, շարունակելով ուժեղացնել ժողովրդավարական ինստիտուտները, ամրապնդելով և զարգացնելով տնտեսությունը: Այս բարդ տարածաշրջանում մենք դեռ պարտադրված ենք ապրելու շրջափակման մեջ»:

Հայ-թուրքական արձանագրություններ

Նախագահի խոսքով՝ չնայած հայկական կողմի բարի կամքին, բոլոր միջազգային գործընկերների կողմից բարձր գնահատված քաղաքական խիզախությանը՝ Թուրքիան հրաժարվեց կյանքի կոչել 2009 թվականին ստորագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները. «Ավելին, փորձեց Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ ևս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում: 2015 թվականի փետրվարի 16-ին ես հետ կանչեցի ստորագրված արձանագրություններն Ազգային ժողովի օրակարգից: Նույն տարում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ես արդեն հայտարարել եմ այս հարցի առնչությամբ Հայաստանի վերջին խոսքը, և այդ իմ դիրքորոշումը չի փոխվել:

Տեսնելով Թուրքիայի շարունակական ուրացումը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին դարձավ պարզապես արհամարհանք ժամանակակից քաղաքակրթության արժեքների նկատմամբ, կարծում եմ՝ միջազգային հանրությունը և հայկական սփյուռքն այլևս պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության»:

Բակո Սահակյանը՝ համաժողովի մասին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում նշեց. «Բարձր մակարդակով կազմակերպված այս համաժողովը կարևոր է և պահանջված և՛ Մայր Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Սփյուռքի համար: Ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը հայոց անկախ պետականության գոյության, նրա բնականոն զարգացման և հզորացման, Սփյուռքում ազգային ինքնության պահպանման և դրա կենսունակության ապահովման կարևորագույն գրավականն է: Խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն կարևոր ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակականության զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից»:

Արդյոք պաշտոնական Երևանը դժգոհություն հայտնե՞լ է Մոսկվային

Համաժողովի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Արցախի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով որդեգրած Հայաստանի մոտեցումները, որոնք են՝ խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծում, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչում, ԱՀ ժողովրդի անվտանգության երաշխավորում: Իսկ չորրորդ մոտեցումը, ըստ նրա՝ վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու և կառուցողական քայլերին, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, որտեղ, Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներն էապես տարբերվում են:

«Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է՝ որպես արցախյան հարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների առաջարկած սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, մինչդեռ Ադրբեջանը մերժում է ընդունել դրանք: Չի կարող հանգուցալուծում լինել, մինչև Ադրբեջանը չընդունի այս սկզբունքները:

Փոխարենը՝ Բաքուն նախընտրում է ինչ-ինչ սցենարներ հորինել: Այս մտավարժանքներն իրականության հետ կապ չունեն, և, ինչպես ասում են՝ ստի պոչը կարճ է: Ամեն անգամ, երբ համանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություններ են անում, ջրի երես են դուրս գալիս ադրբեջանական կեղծիքները»,- ասաց նա:

Նալբանդյանի խոսքով՝ հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության հստակ երաշխիքներ պարունակի. «Անվտանգության թերի երաշխիքների պարագայում այս հակամարտությունը չի կարող ավարտվել: Համանախագահները դա հստակ պատկերացնում են»:

Հարցադրմանը՝ բացի տարբեր հարցազրույցներում ու ասուլիսներում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի վերաբերյալ դժգոհություններից՝ արդյոք պաշտոնական Երևանը դժգոհություն հայտնե՞լ է Մոսկվային, և արդյո՞ք միջազգային կառույցներում Հայաստանի պատվիրակությունների կողմից Ռուսաստանի դիրքորոշումները պաշտպանելը չի նպաստում Հայաստանի մասնակի մեկուսացմանը՝ հենց արցախյան հիմնախնդրի առումով, Նալբանդյանը պատասխանեց. «Զենքի վաճառքի վերաբերյալ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հրապարակավ արտահայտել է իր կարծիքը: Ռուսաստանը մեր դաշնակից գործընկերն է, և հանդիպումների ժամանակ էլ այդպիսի հարցեր կարող են բարձրացվել: Բայց ասել, թե Ռուսաստանի դիրքորոշումները Հայաստանին դնում են մեկուսացման մեջ կամ վնաս են հասցնում մեզ, հատկապես՝ Արցախի հարցում, գիտեք՝ դուք երևի մոտիկից չեք հետևում այն հայտարարություններին, որ հանրապետության նախագահն է անում, ԱԳ նախարարն է անում, հակառակ դեպքում՝ այդպիսի հարց չէիք տա:

Այսինքն՝ եթե առանձին էլ չվերցնենք, այլ վերցնենք՝ որպես եռանախագահող երկիր, Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին, նույն դիրքորոշումն է որդեգրել, որը շարունակվում է 5 հայտնի հայտարարությունների մեջ: Չկա այնպիսի կոնֆլիկտ միջազգային բեմահարթակում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այդքան մանրամասնորեն համաձայն լինեն, թե ինչպես պետք է այդ կոնֆլիկտը լուծվի: Իրենց միացել է նաև Ֆրանսիան: Այս եռանախագահող երկրներն ունեն նաև մանդատ ԵԱՀԿ-ի կողմից, իսկ ԵԱՀԿ-ն այն կառույցն է, որը որոշումներն ընդունում է կոնսենսուսով: Ինչպե՞ս եք պատկերացնում, արդյո՞ք դա մեզ դնում է մեկուսացման մեջ: Եռանախագահող երկրների նախագահների կողմից արված ամեն մի հայտարարությունից հետո Հայաստանն անմիջապես ողջունել է դրանք և ասել, որ դրանց հիման վրա պատրաստ է գնալ բանակցությունների: Իսկ Ադրբեջանն ի՞նչ է անում»:

Նա հիշեց, որ 2015թ. Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. «Ռիգայում Ադրբեջանի նախագահն ընդհանրապես չեկավ, որովհետև եզրափակիչ հռչակագրում, որն ընդունվել է բոլոր երկրների կողմից, համապատասխան դրույթ էր պարունակվում, թե Արցախի խնդիրն ինչպես պետք է լուծվի: Խոսքը նրա մասին էր, որ այդ հռչակագիրը չէր վերաբերում կոնֆլիկտների հանգուցալուծմանը, այլ մի փոքրիկ դրվագ էր, որտեղ հղում էր կատարվում եռանախագահող երկրների 5 հայտարարություններին՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք: Ադրբեջանի ԱԳ նախարարը, որ գլխավորում էր պատվիրակությունը, ի նշան բողոքի՝ գնաց այդտեղից: Քանի որ կոնսենսուսով դա պետք է ընդունվեր, բոլորը սպասում էին, թե երբ կգտնեն Ադրբեջանի արտգործնախարարին, որպեսզի համոզեն, որ իրենք դեմ դուրս չգան: Դա այդպես էլ չստացվեց, և շատերը մոտենում էին մեզ ու հարցնում, թե ինչպե՞ս ենք նրանց հետ բանակցում: Վերջիվերջո, հաջողվեց զանգով համոզել Ալիևին, բայց Ադրբեջանը բացատրական հայտարարություն արեց, որ համաձայն չէ այդ կետին»:

Շրջանակային համաձայնագրի մասին

Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը նոյեմբերին չստորագրվի, Նալբանդյանն ասաց, որ դրա ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա. «Մեր կողմից որևէ խոչընդոտ չկա, և մենք որևէ խոչընդոտ չենք ստեղծելու այդ պայմանագրի ստորագրման համար»:

«168 Ժամ» թերթ

Տեսանյութեր

Լրահոս