«Սփյուռքը լուրջ աշխատանքներ է տանում Արցախին այդ մեկուսացումից հանելու համար». Շավարշ Քոչարյան

«Ժամանակն է, որ Սփյուռքի կողմից ավելի մեծ շեշտադրում կատարվի բոլոր այն հարցերի վրա, որոնք վերաբերում են Արցախին»,- այսօր՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նրա համոզմամբ՝ Սփյուռքը, շարունակելով Ցեղասպանության ճանաչման ոլորտում ավանդական դարձած աշխատանքը, միաժամանակ շատ ավելի մեծ շեշտադրում պետք է դնի Արցախյան հարցի վրա, ընդ որում՝ դա վերաբերում է և՛տնտեսական, և՛ քաղաքական, և՛ Արցախի ճանաչման ոլորտներին.

«Գիտեք, իրար հակադրելը անընդունելի է: Չի կարելի ասել՝ առաջնայինը ոչ թե Ցեղասպանության ճանաչումն է, այլ Արցախյան հարցի կարգավորումը: Չի կարելի հակադրել, ոչ: Ընդհանուր առմամբ, այսօր Հայաստանը կամա-ակամա դարձել է ինչ-որ չափով առաջամարւտիկ՝  ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Դա պետք է շարունակվի և առանց հակադրելու միաժամանակ շատ ավելի լուրջ շեշտադրումով պետք է առաջ մղվեն այն բոլոր հարցերը, որոնք կապված են Արցախի Հանրապետության հետ»,- ասաց նա:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ հայկական Սփյուռքը լուրջ ազդեցություն ունի որոշակի միջազգային կազմակերպություններում ձևավորվող կարծիքների վրա. «Այս տեսանկյունից Սփյուռքի դերակատարումն ուղղակի անգնահատելի է: Երբ խոսքը գնում է Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ առյուծի բաժինը հասնում է Սփյուռքին»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման հարցին՝ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նկատեց՝ Ադրբեջանը փորձեր է կատարում մեկուսացնելու Ղարաբաղը, մինչդեռ Սփյուռքը լուրջ աշխատանքներ է տանում Արցախին այդ մեկուսացոումից հանելու համար:

Տեսանյութեր

Լրահոս