
Հրապարակվել է Լոնդոնի մետրոյում ահաբեկչության մեջ կասկածվողի անունն ու լուսանկարը. Sky News

Բրիտանական ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Լոնդոնի մետրոյում կատարված ահաբեկչական գործողությանը մեղսակցության մեջ երկու կասկածվողներից մեկի անունը: Ինչպես հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, սեպտեմբերի 16-ին ձերբակալված 21-ամյա Յահյահ Ֆարուխն անցնում է Parsons Green կայարանում կատարված պայթյունի գործով:
Սեպտեմբերի 17-ին ոստիկանները խուզարկություն են կատարել Լոնդոնի Սթանուել արվարձանում (Սարեյի կոմսություն) Ֆարուխի բնակության վայրում: Կասկածյալն ինքը դրանից մեկ օր առաջ ձերբակալվել էր Հաունսլուի շրջանում (Լոնդոնի արեւմտյան մաս) տեղական ժամանակով ժամը 23:50-ին (Երեւանի ժամանակով ժամը 02:00-ին): Նա շարունակում է կալանքի տակ գտնվել Լոնդոնի հարավի ոստիկանական բաժանմունքում:
Մետրոյում կատարված ահաբեկչության կապակցությամբ Անգլիայի Քենթի կոմսության ոստիկանությունը սեպտեմբերի 16-ին ավելի վաղ Դուվր ծովափնյա քաղաքում ձերբակալել էր 18-ամյա մի երիտասարդի: Նրա անունն առայժմ հայտնի չէ: Parsons Green վերգետնյա կայարանում գնացքի լեփ-լեցուն վագոնում պայթյունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 15-ին ժամը 08:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:20-ին): Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքն ամբողջությամբ չի գործել: Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժել է 30 մարդ: Նրանց մեծամասնությունն ստացել է դեմքի, վերին եւ ստորին վերջույթների այրվածքներ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: