«Լեննականցի ուսուցիչ կամ մինիստր, շատ դժվար է նասիլկի վրա պառկեցնելը. ասում են՝ ես էն տղեն եմ, որ ընձի պատգարակով տեղափոխե՞ն…». Գյումրու շտապ օգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյան
168.am-ը Գյումրու շտապ օգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի հետ զրուցել է կայանի աշխատանքի վերաբերյալ գյումրեցիներին հուզող մի շարք հարցերի շուրջ:
– Պարոն Թորոսյան, կներկայացնե՞ք Ձեր ղեկավարած կառույցի գործունեությունը, ավելի շատ պետպատվերո՞վ եք աշխատում, թե՞ գերակշռում են վճարովի ծառայությունները:
– Մեր կառույցի գործունեության 80-90 տոկոսի հիմքում ընկած է պետպատվերը: Նշեմ, որ մեր հիմնարկը բաժնետիրական ընկերության օրենքներով է աշխատում: Պետությունը մեզ պատվեր է տվել, որպեսզի մենք շտապ օգնության կանչերը սպասարկենք, դրա դիմաց ինքը պարտավորվել է մեզ վճարել: Նաև ունենք 6-7 տոկոս վճարովի ծառայություններ, բայց ոչ քաղաքի ներսում: Եթե այլ պատվերներ կլինեն բժշկական օգնության, նորից վճարովի հիմունքներով` անում ենք:
– Գյումրիում, բացի անվճար շտապ օգնության կայանից, գործո՞ւմ են մասնավոր, վճարովի, մասնագիտացված շտապ օգնության բրիգադներ:
– Ոչ, մասնավոր չունենք, մասնավոր, վճարովի շտապ օգնության ծառայություն կա Երևանում՝ 10.000 դրամ արժե: Ունենք այսպիսի ծառայություն՝ այն, ինչ պետությունը մեզ պատվեր չի տվել, դա վճարովի է: Օրինակ, մեկն ուզում է իր հիվանդին Գյումրուց տանել Երևան կամ Կիրովական, վճարում է, եթե բժշկով բրիգադ է ուզում, վճարում է 55.000 դրամ, եթե քույրով՝ 47.000, և մենք տեղափոխում ենք: Մյուսը՝ մի քաղաքից մեկ այլ քաղաք աճյունների տեղափոխման համար է վճար գանձվում:
– Հիմա Գյումրու շտապ օգնության մեքենաների թիվը քանի՞սն է: Վերջին անգամ ե՞րբ է թարմացվել դրանց կազմը:
– Ընդհանրապես այժմ 12 շտապ օգնության մեքենա ունենք, որոնցից 6-ը «Ֆորդ» մակնիշի են, 2011 թվականի արտադրության, 1-ը՝ «Մերսեդես» տիպի, 2004 թվականի արտադրության, 1-ը՝ «Գազել» մակնիշի, 2007 թվականի արտադրության, մասնագիտացված մեքենա է, և 3-4 «Գազել» մակնիշի շտապ օգնության մեքենաներ: «Ֆորդ» մակնիշի մեքենաները շատ լավ վիճակում են: Ունենք նաև 4 մեքենա՝ 1998-1999 թվականի արտադրության, հին մեքենաներ: Հիմնականում աշխատում են «Ֆորդ» և «Գազել» մակնիշի մեքենաները: Կան որոշակի ստանդարտներ, թե ինչ պետք է լինի շտապ օգնության մեքենայի մեջ: Եթե էդ ստանդարտներից մի բան պակաս է, այն չի աշխատելու: Գոյություն ունի գործիքների, բուժանյութերի, դեղորայքի ստանդարտ: Երբ առավոտյան բրիգադը ելնում է գործի, մի ամպուլ չեղավ, ինքը գործի դուրս չի գա: Օրինակ՝ շտապ օգնության մեքենայի մեջ էլեկտրասրտագրի սարք պետք է լինի: Կարևոր է, թե այն երբ է արտադրված, ինչ տեխնիկական վիճակում է գտնվում:
– Ավելի շատ ո՞ր հիվանդությունների դեպքերում է կանչերի թիվը շատ, ու վերջին ամիսներին քանի՞ կանչ է գրանցվել:
– Միջին կանչերի քանակն ամառվա ընթացքում ամեն օր 70-ն է: Ինչ վերաբերում է հիվանդություններին, 60 տոկոսի դեպքում կանչերի մեծ մասը հանկարծակի վատ զգալուն է վերաբերում: Սրանց մեջ մտնում են հիպերտոնիկ կրիզները, հիվանդների մոտ 10 տոկոսը ինֆարկտ տարած և ստենոկարդիայի նոպաներ ունեցողներն են, 3-7 տոկոսը՝ տրավմաներ, ավտովթարներ, մնացածը բրոնխիալ ասթմայի սրացումներ, միգրեն, էպիլեպսիայի նոպաներ ունեցողները, և այլն:
– Պարոն Թորոսյան, լինում են դեպքեր, երբ սրտային ծանր հիվանդություններ ունեցող հիվանդների հարազատները դժգոհում են, որ հիվանդին օգնության հասնելու համար շատ հաճախ շտապ օգնության մեքենան ուշ է տեղ հասնում: Ձեր մոտ կա՞ տարբերակում, թե որ հիվանդությունների դեպքում՝ որքան ժամանակահատվածում պետք է տեղ հասնի շտապ օգնության մեքենան:
– Կա առանձին նախարարի հրաման և սահմանված կարգ՝ շտապ օգնության դիսպետչերի աշխատանքի վերաբերյալ: Ըստ այդ կարգի՝ կան առաջնահերթ սպասարկվող հիվանդներ կամ դեպքեր և երկրորդ հերթի սպասարկվող հիվանդներ կամ դեպքեր: Մենք ներքին կարգով դա անվանում ենք կարմիր ու կապույտ կանչեր: Կախված զանգից, հիվանդի տարիքից ու դիագնոզից, որը նախապես զանգահարողն է ասում, եթե 5 րոպեում 3-4 կանչ է եղել, դիսպետչերը որոշում է, թե կանչերից որին շուտ արձագանքի: Առաջնահերթությունը տրվում է սրտային հիվանդներին, ավտովթարներին, հրազենային վնասվածքների, դանակահարությունների, ավտովթարների հետ կապված դեպքերին արագ արձագանքելուն, հետո նոր քրոնիկ հիվանդությունների սրացումներին, և այլն: Եթե հիվանդի գանգատները նման են ստենոկարդիայի նոպայի, ինֆարկտի, ինսուլտի, ապա, իհարկե, առաջնահերթ է: Սակայն, կարող է քրոնիկ սրտային հիվանդ լինի, և տվյալ օրվա գանգատներն այդ հիվանդության վերաբերյալ չլինեն, նա գնում է կապույտով:
– Առավելագույնը քանի՞ րոպեում պետք է շտապ օգնության մեքենան տեղ հասնի:
– Շտապ օգնությունը պետք է 15 րոպեում տեղ հասնի, իսկ ձմեռվա պայմաններում, տրանսպորտի լարված աշխատանքի դեպքում՝ մինչև 30 րոպեի ընթացքում: Գյումրու շտապ օգնության պարագայում տեղ հասնելու միջին ժամանակահատվածը 7-13 րոպե է: Իհարկե, դեպքեր ենք ունենում, երբ մի քանի դեպք նույն ժամին են տեղի ունենում, 30 րոպեի ընթացքում ենք հասնում: Շտապ օգնության աշխատանքի որակը ստուգելու համար, արդեն 2 տարի է, ներդրված է հեռախոսազանգերի ձայնագրման մեխանիզմը: Բոլոր հեռախոսազանգերը և հեռախոսային խոսակցությունները ձայնագրվում են, նաև մեքենայի դուրս գալու, տեղ հասնելու մասին ինֆորացիան 2 տարի արխիվացվում և պահվում է: Այս համակարգը մեզ օգնում է մեր աշխատանքն ավելի լավ կազմակերպելուն, որպեսզի ինչ-որ խնդիր ունենալու դեպքում կարողանանք այն լուծել:
– Որոշ դեպքերում հիվանդները բողոքում են, որ շտապ օգնության բրիգադի բժիշկները կամ վարորդը չեն օգնում իրենց պատգարակով տեղափոխելու շտապ օգնության մեքենայի մեջ, հատկապես, երբ հարազատներ չունեն: Արդյո՞ք սա նորմալ երևույթ է:
– Մինչև հարցը տալը փաստում եք, որ խախտում է եղել: Չկա այդպիսի դեպք: Դա մեր սուրբ պարտականությունն է, մենք էլ կատարում ենք դա:
– Օրինակ, ինֆարկտ տարած հիվանդների պարագայում եղել են նման բողոքներ, երբ շտապ օգնության մեքենայով հիվանդանոց հասցնելիս հիվանդն իր ոտքով է մուտք գործել հիվանդանոց, ինչը կարող էր ճակատագրական լինել իր կյանքի համար:
– Ոչ մի հատ էդպիսի դեպք չի եղել: Ինչ-որ մեկը ձեզ խաբել է, դա բժշկական օրենքի կոպիտ խախտում է, նա դատվելու է դրա համար: Եթե նման բան եղել է, բերեք մասնավորեցնենք: Եթե ինֆարկտ է, ոչ մի բժիշկ չի թույլատրելու, որ հիվանդը կանգնի, ոտքով քայլի, պարտադիր պատգարակով է տարվելու հիվանդանոց: Նույնիսկ, եթե այնպիսի տեղ է, որ պատգարակը չի աշխատում, մենք մեքենաների մեջ հատուկ ամրագոտիներով, բռնիչներով իտալական աթոռներ ունենք, դրանով ենք բերելու, որ տեսնեք՝ կզարմանաք: Պարզապես մենք ունենք մեր ժողովրդի կուլտուրայի և մտածելակերպի սարսափելի ցածր մակարդակ:
Մի մեծ աղմուկ է սկսվում, երբ ասում ենք՝ հիվանդին պետք է պատգարակով տեղափոխել: Գյումրիում հատուկ ձև կա, ասում են՝ ես էն տղեն եմ, որ ընձի պատգարակով տեղափոխե՞ն: Նույնիսկ կեսճանապարհից պատգարակից իջնում են: Բժիշկներն էլ ֆիզիկական ուժ գործադրելու իրավունք չունեն: Մինչդեռ շտապ օգնության բժշկին կարող են հայհոյել, ձեռքով հրել, ու ոտքով գնալ… Անգամ խնդրել են, որ հիվանդանոցի աստիճաններով հիվանդը չբարձրանա: Լեննականցի ուսուցիչ կամ մինիստր, շատ դժվար է իրեն նասիլկի վրա պառկեցնելը…
– Օրենքով բժշկական սարքավորումների չափաբերումը պարտադիր է: Արդյո՞ք այդ գործընթացն իրականացվում է նաև Ձեր կայանի բժշկական սարքավորումների դեպքում:
– Այո, ամեն տարի: Չափաբերման հանձնաժողովը տարին մեկ անգամ գալիս է, հավաքում են բոլոր ճնշման սարքերը, էլեկտրասրտագրի ապարատները, արհեստական շնչառության սարքերը: Մեծ մասամբ տեղում են իրականացնում ստուգումները, բացի արհեստական շնչառության սարքերից:
– Այս հարցը տվեցի, որովհետև որոշ բժշկական հիմնարկների, ներառյալ՝ պոլիկլինիկաների պարագայում բուժաշխատողները տեղյակ չեն, թե ինչ բան է բժշկական սարքերի չափաբերումը:
– Շատ կներեք, բուժաշխատողը կամ շտապ օգնության բրիգադի բուժքույրը կարող է տեղյակ չլինել, իր սարքը չափաբերվա՞ծ է, թե՞ ոչ: Ամեն մի սարքի համար ակտ է կազմվում, անձնագրի մեջ նշում է արվում և հատուկ ակտավորվում է, թե ինչքան սարք է ակտավորվել համարներով: Սարքերի չափաբերումը պարտադիր, տարին մեկ անգամ իրականացվում է: Եթե որևէ սարք, ասենք, տոնոմետրը փչացել է, դրա տեղը նորն ենք դնում: Սարքերը պետք է ճշգրիտ աշխատեն, շեղումը մաքսիմում 5-7 տոկոս պետք է լինի:
Զրուցեց Անահիտ Սիմոնյանը