ԻՊ-ի ահաբեկիչների եկամուտները երկու տարում կրճատվել են հինգ անգամ. La Stampa
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության եկամուտները, որը խալիֆայություն է հռչակել Իրաքի եւ Սիրիայի տարածքում, երկու տարում կրճատվել են հինգ անգամ: Այդ մասին գրել է La Stampa հրատարակությունը:
Ինչպես նշում է թերթը, ներկայացնելով IHS Markit վերլուծական կենտրոնի տվյալները, 2015 թվականի 80 մլն դոլարից ԻՊ-ի «գանձարան» մուտքերը 2017 թվականին ընկել են մինչեւ 16 մլն դոլար: Հիմնական պատճառը տարածքի սրընթաց կորուստն է՝ 10 մլն բնակչությամբ 250 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ԻՊ-ի հսկողության տակէ մնում դրա մեկ քառորդից պակաս մասը: Բացի այդ, տարածքի կորստով եւ Իրաքի ու Սիրիայի զինված ուժերի ռմբակոծումների հետեւանքով ավերվել կամ խլվել են նավթի հանքավայրերը, որի արդյունահանումն ու վաճառքը ահաբեկիչների եկամտի աղբյուրներից մեկն է: Մոսուլի եւ այլ քաղաքների ազտագրումից հետո հայտնաբերված փաստաթղթերն օգնել են հասկանալ ահաբեկիչների ֆինանսական համակարգն ու բյուրոկրատիան, որոնք կազմակերպված են ինչպես իսկական պետության մեջ, գրում է La Stampa-ն:
ԻՊ-ի ֆինանսական ճգնաժամի մասին է վկայում նաեւ այն, որ նրա հսկողության տակ մնացող տարածքներում մտցվել է սեփական արժույթ՝ ոսկե, արծաթե եւ պղնձե մետաղադրամներով, որոնք վաճառվում են բարձր փոխարժեքով:
Ինչպես նախազգուշացնում է Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբը (FATF), որի նիստը վերջերս տեղի է ունեցել Հռոմում, կորցնելով գրավյալ տարածքները, ԻՊ-ն փողերը փոխադրում է արտասահման, այդ թվում՝ Եվրոպայում ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման համար: Փողերի մի մասը դուրս է բերվում Լիբանանով եւ Թուրքիայով անօրինական միգրացիայի կապուղիներով, ինչպես նաեւ միջնորդների օգնությամբ՝ դրամական փոխանցումների համակարգի եւ մերձավորարեւելյան ոչ մեծ բանկերի միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: