«Սա նաև որոշակի պարտավորություն, մշակույթ է ստեղծում, որ յուրաքանչյուր ծառայող զգոն լինի». Վարդան Արամյան
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություն են նախատեսում անել օրենքի նախագծով. «Նախկինում եղել են դեպքեր, որ հարկադիր կատարողների կողմից վարչարարություն իրականացվելու ժամանակ վնաս է հասցվել երրորդ կողմին, և հետագայում քանի որ օրենքի կարգավորումը թույլ չի տալիս, որ առաջինը դիտվի իրենց ծառայողների նյութական խրախուսման ֆոնդը, հիմնականում որպես առաջին աղբյուր դիտվել է բյուջեի պահուստային ֆոնդը: Մենք առաջարկում ենք շատ պարզ տրամաբանություն, որը գործում է նաև ոստիկանական համակարգում:
Ճանապարհային ոստիկանները, երբ վարչարարությունն իրականացնելիս երրորդ անձին պատճառում են վնաս, վնասի փոխհատուցման դեպքը որևէ ակտով հաստատվելու պարագայում՝ առաջին հերթին՝ դիտվում է հենց ոստիկանական համակարգի ներքո գործող արտաբյուջեների միջոցները: Տրամաբանությունը շատ պարզ է՝ լավ ես արել վարչարարությունը, քեզ պետք է տրվի նյութական խրախուսում, վատ ես արել վարչարարությունը ու դրանով վնաս ես հասցրել երրորդ անձին, համար առաջինը պետք է դիտվի հենց տվյալ մարմնի նյութական խրախուսման ֆոնդը»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հետաքրքրվեց. «Եթե ծառայողի գործողության կամ անգործության հետևանքով քաղաքացուն վնաս է հասցվում, հետագայում ծառայո՞ղն է զրկվում խրախուսական պարգևից, թե՞ դա ընդհանուր է»:
Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Տրամաբանությունը հետևյալն է, իհարկե, վարչարարության մասին օրենքը փաստում է ընդհանուր կարգը, որ, եթե վարչարարություն է կատարվում, և դրա արդյունքում որևէ մեկին վնաս է հասցվում, բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցում պետք է կատարվի: Դրանից հետո գործում է երկրորդ կանոնը՝ այն, ինչ դուք եք ներկայացնում, հնարավորություն կա, որպեսզի կոնկրետ անձից, որի պատճառով է վնաս պատճառվել, այդ գումարները վերցնես: Բայց այս օրենքը դեռևս կարգավորում է առաջին ռաունդը: Եթե հարկադիր կատարողների կողմից վնաս է պատճառվում ֆիզիկական անձի, դիտվում է հենց նույն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման ֆոնդը: Սա որոշակի նաև պարտավորություն, մշակույթ է ստեղծում, որ յուրաքանչյուր ծառայող զգոն լինի, որ ոչ միայն ինքն է տուժելու, այլև բոլորը»: