Բաժիններ՝

«Վերջին 5 տարիներին մոտ 18 հազար աշակերտ է գնացել Հայաստանից». Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց այն պատճառները, որոնց արդյունքում այս տարվա դիմորդների թիվը նվազեց։

Առաջին պատճառը, ըստ փորձագետի՝ անցումն էր 12-ամյա դպրոցական կրթությանը, որի արդյունքում 2006թ. դպրոցներն ընդունել էին 2 առաջին դասարան. «Աշակերտական թվակազմն ինչ-որ իմաստով բաժանվել էր երկու մասի։ Ավելի շատ եկել էին ավագ առաջին դասարան, որովհետև այդ երեխաները պետք է սովորեին 11 տարի։ Կրտսեր առաջին դասարան, որը հաջորդ տարի կավարտի, ավելի քիչ երեխաներ գնացին, որովհետև մեկ տարի ավելի պետք է սովորեին։ Դրա պատճառով կա դիմորդների թվի օբյեկտիվ անկում։ Դրանից հետո դիմորդների թիվը մի փոքր կավելանա, իսկ 2020թ. շրջանավարտների թիվը շատ ավելի մեծ կլինի»։

Դիմորդների թվի անկման մյուս պատճառը, ըստ նրա՝ այն է, որ Ամերիկյան համալսարանում բացվեց բակալավրիատ. «Նաև Հայաստանում ունենք միջազգային ծրագրեր իրականացնող դպրոցներ, որոնց շրջանավարտները միանգամից նաև հնարավորություն ունեն դիմել արտասահմանյան բուհեր։ Այդ շրջանակներում, օրինակ՝ մի քանի հարյուր հոգի գնում է Ամերիկյան համալսարանի բակալավրիատ։ Բազմաթիվ ուսանողներ տարբեր ծրագրերով ուղիղ ընդունվում են դրսի բուհեր»։

Կրթության փորձագետն ընդգծեց՝ երրորդ պատճառը կապված է արտագաղթի հետ.

«Վերջին 5 տարիներին մոտ 18 հազար աշակերտ է գնացել Հայաստանից, և, բնականաբար, այդ թիվը որոշ չափով անդրադարձել է շրջանավարտ-դիմորդների թվի վրա»։

Նա նկատեց, որ կրթության որակի հետ կապված խնդիրներ ևս կան. «Հիմա բուհական կրթությունը մի փոքր ավելի քիչ է հետաքրքրում շրջանավարտներին, քան նախկինում, որովհետև միգուցե նաև այնքան շատ եղավ առաջարկը, բուհում սովորելն այնքան արժեզրկվեց, հեշտացավ, և ընդունվելու պարզեցմանը չհաջորդեց որակի խիստ վերահսկողություն, իսկ արդյունքը եղավ այն, որ այսօր շատերը նախընտրում են միջին մասնագիտական կրթությունը կամ ընդհանրապես չեն շարունակում կրթությունը»։

Դիմորդների թվաքանակի կրճատման հետևանքները, ըստ Խաչատրյանի՝ դասախոսներն արդեն զգում են իրենց վրա. «Օրինակ՝ իմ ծանրաբեռնվածությունը ԵՊՀ-ում 0.25 դրույքով պակասեց, և այդպես՝ բազմաթիվ դասախոսների։ Հաջորդ տարի շատ ավելի ծանր է լինելու իրավիճակը, լինելու է ծանրաբեռնվածությունների նվազում, ոմանք նաև կորցնելու են աշխատանք։ Այսինքն՝ հետևանքները շատ ուղիղ մենք զգում ենք այսօրվանից։ Նաև որոշակի ստանդարտներ են փոխվել՝ նախկինում կուրսային աշխատանքի համար ուրիշ չափաքանակ էր սահմանված, հիմա նվազեցվել է։ Սրանք էլ են վտանգավոր զարգացումներ, որովհետև նույն աշխատանքի դիմաց դասախոսի վճարումը նվազում է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս