«Իգլա» ձեռքբերելուց հետո այն Ղարաբաղ բանակին պետք է փոխանցվեր, որպեսզի պաշտոն տային. pastinfo.am
«Փաստինֆո»-ն գրում է. «ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր հարցաքննվեց ՕՐՕ դաշինքի անդամ վկա Սուսաննա Հարությունյանը:
Վկան ճանաչում էր գործով ամբաստանյալներից 4-ին՝ Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին և Կարեն Քոչարյանին:
Սուսաննա Հարությունյանը Խորհրդարանական ընտրությունների նախորդող ժամանակահատվածում աշխատել էր ՕՐՕ դաշինքի շտաբում և երբ տեղեկացել է, որ Սանասար Գաբրիելյանին ձերբակալել են այդ մասին հայտնել էր Բաբայանին և հարցրել, թե ինչո՞ւ են ձերբակալել, որին ի պատասխան՝ Սամվել Բաբայանն ասել է, որ «լավ են արել», ապա նաև ինքը Սամվել Բաբայանին ասել է, որ Աշոտ անունով մի անձնավորություն ցանկանում է տեսնել նրան, վերջինս Սանասարի ընկերն է եղել:
Վկան Աշոտին ուղեկցել է Բաբայանի աշխատասենյակ, որից հետո իր խոսքով՝ անմիջապես դուրս է եկել, սակայն հրապարակված նախաքննական ցուցմունքի համաձայն, որոշ ժամանակ ներսում է գտնվել և լսել է, որ Աշոտը Բաբայանին հայտնել է, որ Սանասարի ավտոմեքենան կանգնեցրել են Երևան-Սևան ճանապարհին և տուգանել 100 000 ՀՀ դրամ, որից հետո ինքը Բաբայանի աշխատասենյակից դուրս է եկել:
Այդ ամենից հետո էլ տեղեկացել է, որ Բաբայանին ևս ձերբակալել են։
Ըստ վկայի՝ ԼՂՀ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին բոլորն են ճանաչում, աշխարհասփյուռ 10 մլն հայությունը: Վկայի խոսքով՝ Բաբայանը ո՛չ իր «կալիբրի» մարդկանց հետ չէր կարող շփվել:
Հաջորդիվ հարցաքննության հրավիրվեց մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը: Վերջինս այս քրեական գործով անջատված մեղադրյալի կարգավիճակ ունի և այդ գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդագրությամբ էր հանդես եկել՝ հայտնելով, որ Հրաչյա Մայիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` ապօրինի կերպով ձեռք բերած, փոխադրած և պահած ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով:
Այսպիսով, Մայիլյանը դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց և դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները, որի ավարտից հետո էլ հրաժարվեց կողմերի հարցերին պատասխանելուց:
Ըստ Մայլիյանի նախաքննական ցուցմունքների՝ Արմեն Պողոսյանը, տեղեկանալով, որ ինքը Վրաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, խնդրել է օգնել վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահռթիռային համալիր ձեռք բերել և հայտնել է, որ այն տանելու են Ղարաբաղ՝ բանակին, որ ինչ որ մեկին պաշտոն տան: Թե ո՞վ է եղել այդ ինչ որ մեկը, ինքը չի իմացել, սակայն Պողոսյանն ասել է, որ մեծ գումար են պատրաստ դրա դիմաց տալ՝ մինչև 50 000 ԱՄՆ դոլար:
Մայիլյանն էլ գործի բերումով Վրաստանում լինելու ժամանակ իր ծանոթ մի վրացու է դիմել, ով ասել է, որ իրենց մոտ նման զենք չկա, վերադառնալով Հայաստան՝ նա էլ այդ մասին տեղեկացրել է Արմենին:
Ավելի ուշ դիմել է մի այլ ընկերոջ՝ ում անունը Կիչա է եղել, սակայն Կիչան ևս հայտնել է, ո րՎրաստանում չկա նման զենք, ապա Արմենը Մայիլյանի հետ գնացել է Ուկրաինա՝ այնտեղից ձեռքբերելու, սակայն այնտեղ էլ տեղեկացել են, որ չկա նման զենք, և որոշ ժամանակ անց երբ նորից գնացել է Վրաստան նրա հետ է եղել Սանասարը հյուրանոցում հանդիպել է Ռոբերտ անունով մի տղամարդու, ով, ըստ վկայի նախաքննական ցուցմունքների, Էջմիածնից է և նախկին քաղաքապետի տղան է, բացի այդ, Ռոբերտը հայտնել է, որ իր կինը Վրաստանում դեսպանատանն է աշխատում:
Հանդիպման ժամանակ Ռոբերտը խոստացել է զենքի ձեռքբերման հարցում օգնել, սակայն պարզվել է, որ այդ զենքի վրա պակաս բաներ կան, և Ռոբերտը նրանց հայտնել է, որ է զենքի արժեքը 40 000 դոլար է, բայց քանի որ այն կիսատ է վերջնական պայմանավորվել են 35 000 ԱՄՆ դոլարով գնել:
Սակայն Մայիլյանը Արմենին ասել է, որ հենց 40 000 դոլար ասի, որպեսզի իրենք ևս գումար աշխատեն:
Մայիլյանը Էջմիածնում զենքը պահել է իր հանգուցյալ հորեղբոր չբնակեցված տան ավտոտնակում: Եվ որպեսզի Սամվել Բաբայանը տեսնի զենքը այն նկարել են՝ վրան դնելով ՕՐՕ դաշինքի բուկլետը, Բաբայանը պետք է այն մասնագետներին ցույց տար, որպեսզի տեսնեին՝ կարո՞ղ են ձեռքբերել նրա վրայի բացակա մասերը:
Բայց քանի որ այդ վիճակում չեն ցանկացել զենքը գնել, Սանասարը Մայիլյանին ասել է, որ այն վերադարձնի և այդպես զենքը մնացել է այդ ավտոտնակում:
Սակայն մարտի 21-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից, Մայիլյանի տանը կեղծ փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ գործի շրջանակներում, կատարվել է խուզարկություն, ոչինչ չհայտնաբերելուց հետո Մայիլյանին հրավիրել են ԱԱԾ վարչություն, և այդ ժամանակ էլ ինքը որոշել է հայտնել Իգլայի ձեռքբերման մանրամասները, և թե որտեղ է այդ ժամանակ այն գտնվել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։