«Մեր շտապօգնության մեքենաներն ունեն անալգին, դիմեդրոլ, լավագույն դեպքում՝ յոդ, բինտ չունեն». Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ առաջին օրենքի մեջ առաջարկվում է ավելացնել «առողջապահության բնագավառ» բառակապակացությունը՝ նշելով, որ գենետիկ ինժեներիայի գործունեության համար այսուհետ իրականացվում է ծանուցման կարգով լիցենզավորում: Նրա խոսքով՝ երկրորդ օրենքի 43 հոդվածի 3-րդ մասի աղյուսակ 3-րդի մեջ սահմանվում է վայրի պահանջ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա. «Այս փոփոխությամբ մենք թույլ ենք տալիս, որ իրական ծառայությունները մատուցվեն, և մատուցվեն՝ ըստ այն բնակության վայրի կամ տեղի, որտեղ տեղի է ունեցել դեպքը»:
«Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախագծերի փաթեթի գաղափարը լավն է.
«Բայց, ինչպես միշտ, մենք հերթական անգամ առաջնորդվում ենք «կոճակն ունենք, մնաց վերարկուն» կարգախոսով: Դուք տեսե՞լ եք, տեղյա՞կ եք, թե մեր շտապօգնության մեքենաներն ինչ ունեն. ունեն անալգին, դիմեդրոլ, լավագույն դեպքում՝ յոդ, բինտ չունեն, ասում են՝ գնացեք, բինտը դուք բերեք: Մենք խնդրին համակարգային լուծում պետք է տանք, մեր շտապօգնության անհետաձգելի դեպքերի համար կանչվող անձնակազմին պետք է ապահովենք անալգինից, դիմեդրոլից, բինտից և յոդից բացի՝ մնացած դեղորայքներով, էքստերմալ իրավիճակներում մարդուն կյանքի վերադարձնելու, որովհետև ամեն մեկը չունի այն հնարավորությունը, որ մեկ շտապօգնության կանչի համար 10 հազար վճարի այն մասնավոր կլինիկաներին, որոնք կարող են նվազագույն ստանդարտներին բավարարել: Իհարկե, լավ նախագիծ է, կողմ ենք քվեարկելու, բայց դրանից էքստրեմալ կանչ ստացողը չի ստանալու իր անհրաժեշտ բուժօգնությունը»:
Ս. Խաչատրյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ չի կարծում, որ պատկերն այնքան ծանր է, որքան նկարագրում է Ն. Զոհրաբյանը. «Հնարավոր է՝ մեր ցանկերը կատարելագործման կարիք ունեն և կկատարելագործվեն, իհարկե, բայց վերջին տարիներին այդ ցանկն ընդարձակվել է»: