«Միտում կա՝ խիստ նվազեցնել ԱՄՆ-ի դերը ԵԱՀԿ ՄԽ-ում». Ռիչարդ Կիրակոսյան
«Սեպտեմբերի 11-ն ԱՄՆ-ի և համաշխարհային անվտանգության դաշտում կտրուկ փոփոխություններ առաջացրեց: Այսօր հերթական սեպտեմբերի 11-ին ենք հավաքվել և խոսում Արցախի հարցի մասին, ինչը շատ նշանակալից է: Քառօրյա պատերազմը շատ կտրուկ և հանկարծակի փոփոխություն առաջացրեց տարածաշրջանային անվտանգության համակարգում»,- այսօր կազմակերպված «Անվտանգությունն և դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. նոր փո՞ւլ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա ընդգծեց՝ այս լանդշաֆտում թե՛ ուժի նուրբ հավասարակշռությունը, թե՛ միջնորդության և դիվանագիտության մարտահրավերները հաշվի առնելով՝ կարող է ասել, որ հանկարծակի պատերազմի վտանգը չափազանց բարձր է մնում. «Բոլոր կողմերում պետական գործիչների կամքի պակաս կա»:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը, նա նշեց, որ մտահոգիչ միտում է տեսնում.
«Ադրբեջանը կարողացավ ստիպել, որ փակվի ԵԱՀԿ վերջին գրասենյակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: ԵԱՀԿ գրասենյակի փակումը Երևանում հարված էր անվտանգության հեռանկարին: ԵԱՀԿ ՄԽ-ն շատ առումներով մրցավարներ չեն, նրանցից չի ակնկալվում, որ կմեղադրեն այս կամ այն կողմին, նրանք կարող են միջնորդել և հաշվի առնել հակամարտության կողմերի ցուցաբերած կամքը: Հակամարտության ոչ բոլոր մասնակիցներն են սեղանի շուրջ ներկայացված՝ որպես բանակցող: Մինսկի խումբը բավարար չափով թափանցիկ չէ և նպաստում է ապատեղեկատվության տարածմանը, և խումբ չէ, որովհետև չեն կիսում ռեսուրսները: Իսկ ԱՄՆ-ի անորոշությունը մտահոգիչ միտում է, դա ազդում է Արցախի հարցի վրա՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»:
Ըստ Կիրակոսյանի՝ միտում կա՝ խիստ նվազեցնել ԱՄՆ-ի դերը ՄԽ-ում՝ նախաձեռնությունը ՌԴ-ին զիջելու կամ թողնելու առումով. «ԱՄՆ-ը ռազմավարական նահանջի եզրին է: ԵԱՀԿ ՄԽ-ին անհրաժեշտ է վերահաստատել զիջումների և փոխզիջումների անհրաժեշտությունը: Բոլոր կողմերից հիշեցնում են բաց թողնված հնարավորությունների մասին: Արցախյան հակամարտությունը շատ առումներով առավել շրջահայաց կլիներ, եթե արդյունքում չլիներ հաղթող և պարտվող կողմ, փոխադարձ փոխզիջումներ լինեին: Հայաստանում մարդիկ ասում են, թե փոխզիջումն անհրաժեշտ չէ: Քայլեր չեն ձեռնարկվում՝ հասարակությանը պատրաստելու փոխզիջումների անհրաժեշտությանը: Ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը նախկինից ոչ պակաս բարձր է»:
Նրա խոսքով՝ Արցախում նվազում է ժողովրդավարության ցուցանիշը. «Վերջերս Բակո Սահակյանի թագադրմամբ տեսնում ենք, որ այս առումով վտանգավոր միտում կա»:
Հարցի կարգավորման համար, ըստ նրա՝ պետք է լինելու փոխզիջում և իրական դիվանագիտություն: