«ՀՀ կառավարությունը բարեփոխումների խիստ հավակնոտ ծրագիր է որդեգրել». Սիրիլ Մյուլլեր
«Մենք այստեղ ենք՝ նշելու Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի 25-ամյա համագործակցությունը»,- այսօր հայտարարեց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերն «Ապագայի Հայաստանը» ֆորումի ժամանակ:
Նրա խոսքով՝ երբ Հայաստանը միացավ Համաշխարհային բանկին, այն Խորհրդային Միության արագ բարգավաճող հանրապետություններից էր, որը հայտնի էր իր գիտական և տեխնոլոգիական ձեռքբերումներով.
«Սակայն 1992 թվականին թե՛ արտարժույթի լուրջ պակասի, թե՛ փլուզված արտադրության հետևանքով՝ կտրուկ անկում էին ապրում աշխատավարձերը: Կային նաև փախստականների և երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած մարդկանց խնդիրները, բայց այդ դժվար ժամանակ որոշվեց վճռական քայլեր ձեռնարկել, և երկիրը, որում հիմա գտնվում ենք, լիովին տարբերվում է այն երկրից, որը 25 տարի առաջ անդամակցեց Համաշխարհային բանկին»:
Ս. Մյուլլերի գնահատմամբ՝ Հայաստանը հարմարվում էր իր նոր անկախության հետ և հաղթահարում կառավարման հետ կապված լուրջ խնդիրները.
«Այս բոլոր խնդիրները և մարտահրավերներն ունենալով հանդերձ՝ վճռական քայլեր ձեռնարկվեցին Հայաստանի կառավարության կողմից: Մարդիկ, իհարկե, դժվարությունները վերցրեցին իրենց վրա և փորձեցին ավելի բարգավաճող երկրին բնորոշ բարեփոխումներ իրականացնել, որոնց օժանդակում էին Համաշխարհային բանկն ու միջազգային հանրությունը: Հայաստանն իրապես կարողացավ արագ վերականգնվել սկզբնական ցնցումից: Խորհրդային Միության փլուզումից հետո 4-5 տարվա ընթացքում Հայաստանը կարողացավ սկզբնական տնտեսական անկումից վերականգնվել»:
Ս. Մյուլլերը նաև ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը «բարեփոխումների խիստ հավակնոտ ծրագիր է որդեգրել», ու իրենք ակնկալում են, որ հնարավորություն կունենանք ավելի ուշ այն քննարկել ՀՀ վարչապետի հետ:
«Նախկինում Հայասանում բիզնեսը բացելը բավականին ժամանակատար և, իհարկե, նաև ծախսատար գործընթաց էր, սակայն մեկ պատուհանի սկզբունքի ներդրումը բավականաչափ մեծ բարելավումներ արձանագրեց, որի հետևանքով Հայաստանը հայտնվել է բիզնեսի գրանցման ցուցանիշներով լավագույն 10-յակի մեջ»,- նշեց Ս. Մյուլլերը:
Նրա խոսքով՝ իրենց համար մեծ պատիվ է եղել, որ Հայաստանը 25 տարի վստահել է իրենց. «Հուսով ենք, որ կկարողանանք ձեր վստահությունը ձևավորել նաև ապագա տարիներին: Մեր սկզբնական՝ սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագիրը հնարավորություն է տվել ավելի քան 1000 միկրոծրագրեր ֆինանսավորել ավելի քան 300 համայնքներում, դա հնարավորություն է տվել ներդրումներ կատարել նախակրթարաններում, ոռոգման և խմելու ջրի համակարգերում:
Հուսով եմ, որ կկարողանանք այդ որակյալ ծրագրերն ունենալ, որոնք իրենց շոշափելի ազդեցությունն են ունենում մարդկանց կյանքի վրա: 25 տարվա ընթացքում մենք միասին աշխատել ենք տեղական և միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք Հայաստանին օգնել իր հավակնոտ ծրագրերի իրականացման ընթացքում: Իհարկե, դեռ շատ անելիքներ կան, Հայաստանում դեռ շատ կան խոցելի շերտեր, և մենք փորձում ենք մեր գործընկերների և կառավարության հետ հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները»:
Ս. Մյուլլերի գնահատմամբ՝ Հայաստանը մինչև 2025 թվականը կարող է դառնալ միջին եկամուտով երկիր, եթե իրականացնի բարեփոխումների ծրագիրը. «Համաշխարհային բանկն էլ շատ դասեր է քաղել Հայաստանից, որոնք այնուհետև ներդրվել են այլ երկրներում, ուստի, երբ աշխարհը պատրաստվում է նոր արդյունաբերական դար թևակոխելու, հուսով ենք՝ Հայաստանը դրա առաջամարտիկներից կլինի»: