Շոկոլադի պատմությունը. Էկ Չուայի պաշտամունքից՝ մինչև առաջին շոկոլադե սալիկ

Կակաոյի աստված Էկ Չուայի պաշտամունքը

Ացտեկներն ու մայաները հավատում էին, որ կակաոն աստվածների կողմից սարերում է ստեղծվել և պետք է ստեղծվելուց հետո տրվեր մարդկանց։ Մայաներն ամենամյա տոնակատարություն ունեին՝ նվիրված կակաոյի աստված Էկ Չուային, որն իր մեջ տարբեր ծիսակարգեր և զոհաբերություններ էր պարունակում։

Էկ Չուան առևտրի և կակաոյի հովանավոր աստվածն էր։ Էկ Չուային երկրպագում էին վաճառականները և կակաոյի հարուստ պլանտատորները, որովհետև նա իրենց մասնագիտության հովանավորն էր։ Հնարավոր է, որ Էկ Չուան կապված էր նաև մեղուների պաշտամունքի հետ, քանի որ նա պատկերվել է մեղուներին նվիրված կոդեքսներից մեկում։

Էկ Չուան պատկերվում էր երկար քթով, կարմիր բերանով և ներկված էր սև գույնով (որոշ նկարներում նա ամբողջովին սև է, մյուսներում՝ սև ու սպիտակ զոլերով, իսկ մի քանիսում էլ՝ սպիտակ՝ առանց սև ներկի)։ Քանի որ նա առևտրի հովանավորն էր, պատկերվում էր ձեռքին՝ գավազանով, իսկ մեջքին էլ՝ բեռով (որոշ նկարներում բեռը գլխի վրա է)։ Նրա բնութագրիչ գծերից էին 2 կոր գծերը՝ աչքի աջ մասում։ Դրեզդենի կոդեքսում Էկ Չուայի 3 պատկեր կա։ Որպես կանոն, Էկ Չուան պատկերվում էր՝ որպես անատամ ծերուկ, կամ ծերունի՝ մեկ ատամով։

Կարդացեք նաև

Նկարներից մեկում Էկ Չուան պատկերված է՝ որպես նիզակով խոցող մահվան աստված, որը խորհրդանշում էր այն, որ այդ աստվածը վաճառականներին կպաշտպանի թշնամուց։ Մեկ այլ նկարում նա պատկերված է՝ որպես երկինքը կացնահարող, որպեսզի անձրև գա։ Շատ նկարներում Էկ Չուան կարիճի պոչ ունի։

«Աստվածային ըմպելիք»

Մայաների համար կակաոն համարվում էր Աստվածների ըմպելիք, որը կարող էին խմել միայն տաճարների ընտրյալ քրմերը։ Այդ ժամանակ ըմպելիքը դառն էր. այն պատրաստում էին սառը ջրով և ավելացնում չիլի պղպեղ։ Այդ սուրբ ըմպելիքը ստացել էր «xocolatl» անվանումը, որն իր հնչողությամբ նման է «շոկոլադին»։

Թեև ացտեկների և մայաների կողմից կակաոյի օգտագործման վերաբերյալ հնագիտական փաստերը սահմանափակ են, սակայն պատկերային և նշանագիտական փաստերը լիովին բավարար են։ Դրանք վկայում են, որ կակաոյի ծառը շատ կարևոր է եղել Մեսոամերիկայի հնագույն քաղաքակրթությունների համար, և, որ նրանք այն օգտագործել են տարբեր ծիսակատարությունների ժամանակ, կրոնական և բժշկական նպատակների համար։

Շոկոլադը՝ ծիսակարգերում

Ծիսակարգում շոկոլադն օգտագործվում էր տղամարդկանց, էլիտայի և թագավորական ընտանիքների կողմից։ Նրանք օգտագործում էին այն հեղուկ տարբերակով, ինչը քաղցր հաճույք էր պարգևում բարձր աստիճան ունեցող մարդկանց։ Ծիսակարգային առումով՝ շոկոլադն արգելված էր կանանց և երեխաներին։

Հոգևորականները հաճախ շոկոլադից ըմպելիք էին պատրաստում և օգտագործում կրոնական ծիսակարգերի ժամանակ կամ առաջարկում աստվածներին։ Ինչպես նշեցինք՝ մայաներն Էկ Չուա աստծուն նվիրված տոնակատարություն ունեին, որի ծիսակարգը ներառում էր շոկոլադե ըմպելիքներ, արյուն, պարեր և այլ «նվերներ», օրինակ՝ կակաոյի գույն ունեցող շների զոհաբերություն, փետուրներ, խունկ և այլն։ Համաձայն ացտեկների պատմության՝ նմանատիպ ամենամյա տոնակատարություն կատարվում էր ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանում (այժմ՝ Մեխիկո), որի ժամանակ զոհաբերվում էր թշնամի ցեղի հետ կռվի ժամանակ գերի ընկած զինվոր։

Շոկոլադի տարածումը

3500 տարվա ընթացքում շոկոլադը լայն տարածում գտավ. շոկոլադե բատոններ, տաք շոկոլադ, շոկոլադե պաղպաղակ և այլն։ Իսկ շոկոլադաբուժության գաղափարը շատ հին է։ Շոկոլադը սկսել են օգտագործել Նոր աշխարհում՝ Օլմեկ հնագույն քաղաքակրթության կողմից (Մ.թ.ա. 1500թ.- մ.թ.ա.500թ)՝ Մեսոամերիկայում, և շարունակել ացտեկների և մայաների ժամանակ, մինչև 16-րդ դարում կհայտնվեր ամբողջ աշխարհում։

14-րդ դարում, երբ ացտեկները նվաճեցին Կենտրոնական Ամերիկան, նրանց մոտ անհագ ցանկություն առաջացավ իրենց քաղաքակրթության խորհրդանիշի՝ կակաոյի նկատմամբ, որը չէր աճում չոր լեռնային կլիմայական պայմաններում: Ացտեկները մայաների հետ կակաոյի սերմերի առևտրով էին զբաղվում, որոնք շատ բարձր էին գնահատվում և օգտագործվում էին՝ որպես փոխանակման միջոց (օրինակ՝ մեկ հնդկահավը համարժեք էր 100 կակաոյի սերմի): Ըստ որոշ տվյալների՝ ացտեկների ցեղապետ Մոնթեսուման իր լիբիդոն բարձրացնելու համար օրական օգտագործում էր մինչև 3 գալոն շոկոլադ:

1500-ականներին ոսկու և արծաթի համար Մեքսիկա մեկնած իսպանացի կոնկիստադորները, ինչպես Էրնան Կորտեսը, վերադարձան այնտեղից շոկոլադով: Իսպանացիները դառը ըմպելիքի մեջ ավելացրեցին շաքար և դարչին, բայց մի բան մնաց անփոփոխ. շոկոլադը շարունակեց մնալ շքեղության, ուժի և իշխանության խորհրդանիշ:

Իսպանացիները մոտ մեկ դար թաքցրին շոկոլադի բաղադրատոմսը, բայց երբ 1615թ. Իսպանիայի թագավորի՝ Ֆիլիպ 2-րդի աղջիկն ամուսնացավ Ֆրանսիայի միապետ Լյուդովիկոս 13-րդի հետ, նա ֆրանսիացիներին փոխանցեց իր պաշտելի շոկոլադի բաղադրատոմսը: Շուտով շոկոլադը հայտնի է դառնում ամբողջ Եվրոպայում, և ազնվականներն օգտագործում են այն՝ որպես զարմանալի բուժիչ հատկություններով օժտված էլիքսիր: Որպեսզի բավարարեն շոկոլադի աճող պահանջարկը, եվրոպական երկրները հասարակածային գաղութներում ստեղծեցին տնկարկներ՝ կակաոյի և շաքարի մշակման համար:

Շոկոլադը երկար ժամանակ մնում էր ազնվականների համար հասանելի հաճույք, բայց հոլանդացի քիմիկոս Կոնրադ Յոհանես Վան Հաութենի հայտնագործած կակաոյի հիդրավլիկ մամլիչը հեղաշրջում մտցրեց շոկոլադի արտադրության մեջ: Մամլիչի օգնությամբ կակաոյի յուղն առանձնացվում էր կակաոյի սերմերից, որից և հետագայում սկսեցին պատրաստել պինդ շոկոլադ, իսկ մնացած քուսպից՝ բարձրորակ կակաոյի փոշի:

Առաջին շոկոլադե սալիկը

Մեզ հայտնի առաջին պինդ շոկոլադե սալիկը՝ բաղկացած կակաոյի փոշուց, կակաոյի յուղից և շաքարից, առաջին անգամ թողարկվել է 1847 թ. «J.S. Fry & Sons» բրիտանական ընկերության կողմից:

1879 թ. շվեյցարացի Ռուդոլֆ Լինդտը շոկոլադի արտադրության նոր մեխանիզմ ներկայացրեց: Այն իր ձևով նմանվում էր խխունջի, որի համար անվանվեց «conching»` սկավառակների միջով անցնելու պրոցես: Այս մեքենայում զանգվածը, ուռչելով և հեղուկի վերածվելով, խառնվում էր մինչև 3 օր, և այդ մշակման պրոցեսում շոկոլադը ձեռք էր բերում թավշյա կառուցվածք և հագեցած համ: Լինդտը նաև առաջինն էր, ով արտադրեց նուրբ կաթնային շոկոլադ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս