«Երեխաներն ի սկզբանե տեսնում են, որ մենք գործ ենք ունենում ոչ արտոնագրված պրոդուկտի հետ». «Ինֆորմատիկայի» ուսուցչուհի
«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կրթական ծրագրերի մեթոդաբան Հասմիկ Այվազյանն այսօր Մեդիա-կենտրոնում կազմակերպված «Գնահատականներ և դիտարկումներ «Ինֆորմատիկա»-ի դասագրքերի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ երեխաները պետք է իմանան՝ ինչ է օպերացիոն համակարգն ընդհանրապես, ծանոթանան դրա տեսակներին, ոչ թե միայն մեկ օպերացիոն համակարգ ուսումնասիրեն։
«Համոզված եմ, որ օպերացիոն համակարգերի անվճար տարբերակներն ավելի լավն են։ Եթե Windows-ի պրոդուկտները դպրոցին ինչ-որ ձևով տրվում են անվճար, ապա Photoshop և Corel draw ծրագրերն ընդհանրապես չեն դիտարկվել, և երեխաներն ի սկզբանե տեսնում են, որ մենք գործ ենք ունենում ոչ արտոնագրված պրոդուկտի հետ։ Դա արդեն իսկ երեխաների դաստիարակության վրա բացասական է ազդում, որովհետև երեխան հասկանում է, որ կարելի է ինչ-որ ձևով շրջանցել օրենքները»։
Ինչ վերաբերում է դասավանդմանը, ապա նա նշեց, որ այն փորձում են իրականացնել այնպես, ինչպես ծրագիրը պահանջում է, բայց ըստ նրա՝ նախընտրելի է, որ որոշակի ազատություններ լինեն. «Կոնկրետ ինձ մոտ նաև զուգորդվում է ռոբոտաշինական խմբակը դպրոցում, որտեղ ավելի մեծ ինֆորմացիա են ստանում երեխաները, շատ ավելի մեծ գործ են անում։ Դրանով կարողանում եմ ինչ-որ կերպ բավարարել հետաքրքրված երեխաների պահանջները»։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման ամբիոնի վարիչ, ինֆորմատիկայի դասագրքերի հեղինակ Սեյրան Ավետիսյանն ասաց, որ «Ինֆորմատիկայի» դպրոցական ծրագրերը հաստատվել են 12 տարի առաջ.
«Այդ ժամանակ այն դպրոցը, որը 6 համակարգիչ ուներ, լավագույն հագեցած դպրոցն էր համարվում։ 7-8 դասարանների դասագրքերի մրցույթը եղել է 7-8 տարի առաջ, իսկ մրցույթի համար տրվել է 6-7 ամիս ժամանակ, որից հետո եղել են քննարկումներ՝ մոտ 6 ամիս։ Բոլոր հանրային քննարկումների ժամանակ արված դիտողությունները հաշվի են առնված։ Ցավալի մի փաստ էլ ասեմ՝ ավագ դպրոցի դասագրքերի մրցույթի ժամանակ միայն մեկ գիրք է եղել ներկայացված. այն գիրքը, որն անցել է։ Դա այն հանրապետությունում, որը ՏՏ ոլորտի հսկայական բանակ ունի։ Որպես դասագրքի հեղինակ՝ ասում եմ, որ վաղուց պետք է ամենը փոխվեր, լայն քննարկման առարկա դառնար»։
Գրքի ստեղծման գործընթացի մասին խոսելով՝ նա նշեց, որ կետ առ կետ նայվում է, թե ինչն է համապատասխանում ծրագրին. «Եթե որևէ կետ չի համապատասխանում, դա մրցույթով չի կարող անցնել։ 7-8 տարի առաջ, երբ սկսեցինք գրել այս դասագրքերը, որոշակի տեղեկություններ էինք հավաքում դպրոցների մասին, որոշակի փորձարկումներ են արվել։ Եվ կարծում եմ, որ այս դասագրքին պետք անդրադառնալ ոչ թե 4 տարին մեկ, այլ շատ ավելի հաճախակի։ 2015-16թթ. ոչ մի դասագրքի մրցույթ չի եղել, ուղղակի այդ թվականներին վերահրատարակվել է գիրքը»։