Այս գործիքով Հայաստանը հանում է դաշնակցի «հագուստը». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային հեղինակավոր մամուլում կրկին ալիեւյան կոռուպցիոն պատմություններ են, որոնցում այս անգամ ներգրավված է նաեւ Հայաստանի «ռազմավարական դաշնակցի» ռազմաարդյունաբերական ընկերություններից մեկը՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը:
Հայաստանը հայտնվել է շատ բարդ դրության մեջ: Մի կողմից՝ Ալիեւի կոռուպցիոն հերթական մերկացումն է միջազգային մամուլում, մյուս կողմից՝ այդ մերկացումը «հանում» է նաեւ «ռազմավարական դաշնակցի» ռազմական արդյունաբերության ընկերություններից մեկի «հագուստը»:
Փաստորեն, հայհոյելով Ալիեւին, օգտագործելով կոռուպցիոն հերթական սկանդալը նրա շուրջ՝ Հայաստանը կարող է «ակամայից» տրորել նաեւ «դաշնակցի» ոտքը: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը» Ադրբեջանի նախագահական կլանի, այսպես ասած, «կոռուպցիոն դաշնակիցն» է:
Այստեղ բավական է մի պարզ ճշմարտության հիշեցում՝ ոչինչ այդքան չի միավորում, որքան «համատեղ գործած հանցանքը»:
Այժմ, թերեւս, պարզ է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության, այսպես ասած, ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Ակնհայտ է դառնում, որ այդ գործընկերությունը անգամ չի համապատասխանում այն արդարացումներին, թե Ռուսաստանն ունի իր շահը եւ հենց այդ շահի տրամաբանությամբ է Ադրբեջանի հետ գործընկերությունը խորացնում:
Պարզվում է, որ չկա Ռուսաստանի շահ, կա ընդամենը Ռուսաստանի իշխանությունում գտնվող խմբավորումների, այսպես ասած, ֆինանսական շահ, որի համար էլ ձեւավորվում է, այսպես ասած, ռուս-ադրբեջանական գործընկերությունը:
Միեւնույն ժամանակ, ստեղծվում է հետաքրքիր մի վիճակ՝ մերկացվում է Հայաստանի դեմ ռուսական քաղաքականության հանցավոր բնույթի մի նոր ու միջազգային հնչեղության դրվագ, մերկացվում է, այսպես ասած, միջազգային հանրության ջանքով:
Ակնհայտ է, որ այդ դրվագը Հայաստանի համար, այսպես ասած, բարոյական գործոն է Ռուսաստանի դեմ: Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտագործել այդ գործոնները քաղաքական եւ դիվանագիտական դիվիդենտներ ստանալու համար: Այդ հարցի պատասխանը բավականին բարդ է, քանի որ պարզ չէ, թե Հայաստանն ինչպիսի կամք եւ կարողություն ունի համարձակորեն օգտագործելու այն:
Սակայն ուշագրավ է, որ այդ սկանդալին զուգահեռ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անում է բավականին հետաքրքիր հայտարարություն այն մասին, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում անհրաժեշտ է արգելանք դնել ղարաբաղյան հակամարտության գոտի զենքի վաճառքի վրա:
Քոչարյանը նաեւ ակնարկում է, որ այստեղ խնդիրը Մինսկի խմբի երեք համանախագահների համաձայնությունն է, որոնք երեքն էլ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ են: Այդպիսով, Քոչարյանը նաեւ հստակ ակնարկում է, որ այստեղ այդ արգելանքի դեմ է Ռուսաստանը, այսինքն՝ Մոսկվան է միայն, որ չի համաձայնում արգելանքի գաղափարին: Դա արձանագրելը բավականին դյուրին է, քանի որ միայն Ռուսաստանն է համանախագահ եռյակի երկրներից Ադրբեջանին զենք վաճառողը:
Այսպիսով, միջազգային մամուլը բարձրաձայնում է Ալիեւի նոր կոռուպցիոն պատմություններ եւ դրանց «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներգրավվածությունը, իսկ Հայաստանն ԱԳՆ տեղակալի մակարդակով բարձրաձայնում է զենքի վաճառքի արգելք սահմանելու անհրաժեշտության եւ դրան Ռուսաստանի դեմ լինելու մասին:
Բայց այդքա՞նն է, որ կարողանում է կամ իրեն թույլ է տալիս Հայաստանը:
Թվում է, թե քիչ չէ, սակայն հարցն այն է, որ դա ոչինչ է այն գործիքի համեմատ, որ Հայաստանին «տրվում» է միջազգային հետաքննության եւ տեղեկատվական հոսքի միջոցով:
Ի դեպ, այս տեսանկյունից իրավիճակը հետաքրքիր է մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարության ֆոնին, որ ԱՄՆ-ն ցանկանում է համոզվել, թե արդյո՞ք Հայաստանը ինքնիշխան որոշումներ է կայացնում, եւ գործիքներ է տրամադրում Հայաստանին այդ որոշումները կայացնելու համար: Փաստացի, Հայաստանին տրամադրվել է ինքնիշխանության գործիք՝ միջազգային մամուլում ռուս-ադրբեջանական կոռուպցիոն դաշնակցության մասին հրապարակումների տեսքով: Այժմ թերեւս միջազգային հանրությունը հետեւելու է, թե Հայաստանն ինչպես է կարողանում իր ինքնիշխանության համար օգտագործել այդ ընձեռված գործիքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: