«Աշխարհի ո՞ր երկրների հետ Հայաստանն ընդհանուր շահեր ունի. Ֆրանսիայի՞, թե՞ Ղրղըզստանի, Գերմանիայի՞, թե՞ Ղազախստանի». Արեգ Գալստյան
«21-րդ դարում պետք է կողմնորոշվես՝ ում հետ ես դու, աշխարհի ո՞ր երկրների հետ Հայաստանն ընդհանուր շահեր ունի. Ֆրանսիայի՞, թե՞ Ղրղըզստանի, Գերմանիայի՞, թե՞ Ղազախստանի։ Այս հասարակ համեմատությունները եթե անում ենք, տեսնում ենք, թե որ ուղղություններով է ճիշտ շարժվել, ով է մեզ ավելի մոտ։ Տնտեսության հարցը միայն շուկաներն ու փողերը չեն, այլ ապագան, զարգացումը, որոնք գտնվում են այնտեղ։ Այս դեպքում հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը գնում է ոչ թե առաջընթացի, այլ հետընթացի ուղով»,- այսօր «Մեդիա-կենտրոնում» կազմակերպված «Զարգացումներ և փոփոխություններ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից 4 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը փոքրիկ պետություն է՝ քիչ ռեսուրսներով, և չի կարող լուծել անգամ սեփական խնդիրները, ուր մնաց թե՝ կապող օղակ դառնա ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև. «Նախ պետք է լուծել ներքին խնդիրները, հասկանալ՝ ինչ ես դու ուզում, հետո նոր սկսես հետաքրքրվել մյուսների խնդիրներով»։
Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը, Գալստյանը նշեց, որ չի հասկանում Հայաստանի՝ քաղաքական որոշումներ կայացնելու մեխանիզմը, և չգիտի՝ ինչ կարող է լինել. «Իհարկե, իրավիճակի զգալի մասը կախված կլինի նրանից, թե ինչ վիճակում այդ պահին կլինի ռուս-ամերիկյան երկխոսությունը և երկխոսությունը՝ ՌԴ-ի և Եվրոպայի միջև։ Եթե մենք տեսնենք էսկալացիայի և հարաբերությունների վատացման քայլեր, ապա, իհարկե, Հայաստանի վրա ճնշումը կսկսի աճել։ Դա օբյեկտիվ իրականությունն է։ Կարևոր չէ՝ համաձայնությունը կլինի ԵՄ-ի՞, Չինաստանի՞, թե՞ Հնդկաստանի հետ, այլ այն, թե արդյո՞ք Հայաստանն ունի քաղաքական կամք՝ այդ գործարքն ավարտին հասցնելու։ Եթե այդ քաղաքական կամքը կա, ապա այդ համաձայնագիրը կստորագրվի, թե ոչ, ուրեմն՝ չի ստորագրվի»։