«Նման փորձ ունենք, և շատ զգույշ պետք է լինենք՝ պետության միջոցները ցաք ու ցրիվ չանելու համար». Հրաչ Բերբերյան
Սեպտեմբերի 1-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում կարևորեց վարչապետի հայտարարությունն այն մասին, որ մթերման համար յուրաքանչյուր մթերողին տրամադրում են մինչև 150 մլն դրամի դրամային վարկ՝ 3 տոկոս տոկոսադրույքով։ Բերբերյանի խոսքով՝ դա շատ կարևոր է գյուղացու համար։
«Չնայած, որ Գյուղնախարարությունը խոստացավ չվճարողների դեմ քրեական գործեր հարուցել, բայց դա չարվեց և չի էլ արվի։ Այստեղ պետք է հետևողական լինել, որ այդ գումարները նորից չպտտեցնեն։ Այդ վտանգը կա, այսինքն՝ կստանա գումար, որ մարի պարտքերը ու մի հատ էլ կպտտեցնի, և այստեղ կառավարության վերահսկողությունը կարևոր եմ համարում։ Համենայնդեպս, այդ գումարով պարտքերը կմարեն ու շրջանառու միջոցներ կունենան՝ արդեն կանխիկ վճարելու խաղողի դիմաց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Փորձ ունենք, որ բանկերից վարկ վերցրած գործարարներն ալկոհոլային խմիչքների ինքնարժեքն արհեստական բարձրացնում են, հետո էլ բանկին ասում են՝ արտադրանքը պահեստում է, չի վաճառվում, երբ վաճառվի՝ վարկը կփակենք։ Նման փորձ ունենք, և շատ զգույշ պետք է լինենք՝ պետության միջոցները ցաք ու ցրիվ չանելու համար»։