Դիպուկահարի հետ «սելֆիները» զվարճալի էին, բայց արդյոք պե՞տք էր սպանել հանցագործին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Երեւանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը Անկախ Հայաստանի պատմության ընթացքում իր տեսակի մեջ կարծես թե աննախադեպ է:

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում հանցագործություն կատարելու պահին ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում՝ դիպուկահարի մասնակցությամբ վնասազերծեց հանցագործին, որը արդյունքում մահացավ:

Ճիշտ է, Երեւանում դիպուկահարները փողոցում մարդկանց սպանել են, բայց միայն քաղաքական նկատառումներից ելնելով, եւ՝ ոչ ոստիկանները: Հանցագործների նկատմամբ ոստիկանական ուժերը, որպես կանոն, ավելի հումանիստական մոտեցում էին ցուցաբերում: Համենայնդեպս, մինչեւ հիմա հայտնի չի եղել դեպք, երբ որեւէ հանցագործի վնասազերծելու պահին սպանեն կամ ոստիկանների գործողությունների արդյունքում նա ավելի ուշ մահանար:

Համակարգի ներկայացուցիչները սիրում էին այս փաստը ժամանակ առ ժամանակ հիշեցնել հանրությանը: Մասնավորապես, երբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ աղմուկ էր բարձրանում (անհամաչափ ուժի կիրառման դեպքերն էլ սովորաբար լինում են միայն քաղաքական կամ քաղաքացիական ակտիվիստների հետ կապված), նրանք օրինակ են բերում ԱՄՆ-ն, որտեղ շաբաթը մեկ, եթե ոչ ամեն օր ոստիկանները հանցագործին վնասազերծելու գործողության ժամանակ կամ պարզապես իրենց չենթարկվելու համար մարդ են սպանում:

Երեկ ՀՀ ոստիկանությունը, փաստորեն, ամերկյան ոստիկանության նման վարվեց: Տարօրինակ զուգադիպությամբ երիտասարդը, որը սպանվեց, երկար տարիներ ապրել էր ԱՄՆ-ում, նույնիսկ այնտեղ դատապարտվել եւ պատիժ էր կրել: Քանի որ տեղի ունեցածը արտասովոր էր հանրության համար, երեկվանից բուռն քննարկումներ են, թե արդյոք ճի՞շտ է վարվել ոստիկանությունը, արդյոք չէ՞ր կարելի այլ կերպ հանգուցալուծել իրավիճակը, արդյոք մամուլը ճի՞շտ է անում, որ լուսաբանում է նման դեպքերը:

Ամենաշատ քննարկվող թեման դիպուկահարի դիրքավորումն էր, երբ նա պառկել էր գետնին, իսկ նրա շուրջը մեծ թվով հանդիսատես էր հավաքված, ոմանք՝ պպզած, մյուսները՝ կանգնած ակնդետ հետեւում էին, թե ինչ է լինելու: Նկար կա նաեւ, թե ինչպես է ինչ-որ մեկը լայն քայլով անցնում պառկած դիպուկահարի վրայով: Տեսանյութերում անգամ 8-10 տարեկան երեխա է երեւում այդ տարածքում:

Ոստիկանական հատուկ գործողության ժամանակ այս տնավարի վիճակը իսկապես տարակուսելի է, որովհետեւ մենք լավ գիտենք, որ Հայաստանի ոստիկանությունը ցանկացած պահի կարող է պատ կազմել եւ «անթույլատրելի վայրում» կանգնած քաղաքացիների մեծ կամ փոքր խմբերին հաշված վայրկյանների ընթացքում հեռացնել:

Եթե նման բան չի արվել, նշանակում է՝ գործողությունը ղեկավարող անձինք դրա անհրաժեշտությունը չեն տեսել: Կամ նույնիսկ հակառակը՝ մտավախություն են ունեցել, որ պատանդառուից մի քանի մետր հեռավորության վրա ակնառու շարժ առաջացնելով՝ կգրավեն նրա ուշադրությունը, կխրտնեցնեն, ինչի դեպքում մեծ կլիներ վտանգը, որ նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածք կհասցնի իր պատանդին՝ երիտասարդ աղջկան:

Եվ չնայած այս վարկածին, դիպուկահարի եւ նրա հետ գրեթե սելֆի անող մարդկանց լուսանկարներն, իսկապես, զվարճալի են:

Արդյոք չէ՞ր կարող այլ հանգուցալուծում լինել: Չի բացառվում, որ այս հարցում որոշիչ է եղել այն հանգամանքը, որ պատանդառուն երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում եւ մոտիկից ծանոթ է եղել ամերիկյան ոստիկանության մեթոդներին: Փոխարենը չի տիրապետել հայկական ոստիկանության մարդասիրական բնույթին:

Ասվում է, որ կրակ բացելու որոշում կայացվել է մեկ ժամ տեւած բանակցություններից հետո: Հայտնի չէ, թե ինչ են խոսել աղջկա պարանոցին դանակ բռնած երիտասարդի հետ, բայց կարելի է ենթադրել, որ նրան առաջարկվել է բաց թողնել աղջկան եւ ինքնակամ հանձնվել: Չի բացառվում, որ տեղացի որեւէ մեկը հենց այդպես էլ կվարվեր: Բայց ԱՄՆ-ում վերջին տարիներին նման իրավիճակները շատ հաճախ ավարտվում են հանձնվողի սպանությամբ, ուստի այնտեղից ընդամենը 4 ամիս առաջ արտաքսված երիտասարդը չէր կարող վստահ լինել, որ իր հետ նույնը չի պատահի:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ոստիկաները չէի՞ն կարող այլ մուտքերից մտնել տվյալ տարածք, պատանդառուին ոտքից վիրավորել եւ այլն, ապա կարծում ենք, որ ոստիկանության նախկին աշխատաոճը թույլ է տալիս եզրակացնել, որ եթե նման հնարավորություն լիներ, նրանք չէին վարանի դա օգտագործել:

Այս ամբողջ պատմության ամենամեծ վտանգը իրականում այն է, որ կատարվածը կարող է նախադեպ դառնալ եւ բացել ոստիկանության ձեռքերը ենթադրյալ հանցագործների հանդեպ: Սա անթույլատրելի կլինի, որովհետեւ հանրությունը դեռ չի կարողանում լուծել քաղաքական ենթատեքստով դեպքերի ժամանակ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման խնդիրը: Շատ ավելի բարդ կլինի, եթե սրան ավելանա նաեւ ենթադրյալ հանցագործներին այսպես վնասազերծելու պրակտիկան:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս