Հակակարկտային ցանցեր. կառավարությունը կարկուտի դեմ պայքարելու նոր ծրագիր է մշակել
ՀՀ կառավարությունը կարկուտի դեմ պայքարելու նոր ծրագիր է մշակել։ Հայաստանի գյուղատնտեսությունում Հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը գյուղնախարար Իգնատի Առաքելյանն օգոստոսի 31-ին կներկայացնի գործընկերներին։
«Գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի մեղմման գործընթացում կարևորվում է ռազմավարական մեծ նշանակություն ունեցող կարկտահարության դեմ պայքարը՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ մթնոլորտային վտանգավոր երևույթներից տնտեսությանն ամենամեծ վնասը հասցնում է կարկտահարությունը: Հետևապես, խիստ անհրաժեշտ է շեշտակի զարգացնել տվյալ ուղղությունը, մասնավորապես՝ ընդլայնել պաշտպանվող տարածքները, բարձրացնել հակակարկտային ներգործության արդյունավետությունը, փորձարկել ու ներդնել հակակարկտային պաշտպանության նոր միջոցներ: Այս առումով կարևորվում է կիրառվող հակակարկտային ակտիվ ներգործության մեթոդների հետ հակակարկտային ցանցերի կիրառումը, որի համար պահանջվում է դրանց օգտագործման մատչելի մեխանիզմների մշակում և ներդրում»,- ասված է որոշման նախագծում:
Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում է հանրապետության այգետարածքների 10-15 %-ը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100 %: Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվարանում է դրա իրացումը, զգալիորեն նվազում` տնտեսվարողների եկամուտները: Ուժեղ կարկտահարված այգիների վերականգնման համար պահանջվում է առնվազն 1 տարի և լրացուցիչ ֆինանսական ներդրումներ` այգիներում լրացուցիչ էտի, պարարտացման և ագրոտեխնիկական այլ միջոցառումների իրականացման համար:
2015 թվականի ընթացքում Հայաստանի տարածքում հակակարկտային ակտիվ ներգործության աշխատանքներն իրականացվել են 2 ռադիոտեղորոշիչով և 435 հակակարկտային կայանքով, իսկ 2016-ին` 496 կայանքի միջոցով: Ներկայումս հակակարկտային կայանքներով պաշտպանված է Հայաստանի մշակվող տարածքների շուրջ 8 %-ը:
Գյուղատնտեսության ապահովագրական համակարգի բացակայության պայմաններում, կարկտահարությունների դեպքում, երաշխավորված բերքի ու տնտեսվարողների եկամուտների ապահովման համար հուսալի միջոց է հատկապես խաղողի և պտղատու այգիներում կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրումը: Ներկայումս հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածքներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100 %:
Այս նոր ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունում տնտեսվարողների համար առաջարկել հակակարկտային ցանցերի ձեռքբերման և ներդրման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ:
Հեղինակները կարծում են, որ ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ տարեկան շուրջ 1000 հա խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար, հանրապետության այգիների շուրջ 2.0 %-ը կպատվի կարկտապաշտպան ցանցաշերտերով, հակակարկտային ցանցեր կիրառած տնտեսվարողների մոտ գրեթե կբացառվի կարկուտի ռիսկը, կբարելավվի բերքի որակը, կավելանան տնտեսավարողների եկամուտները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, նախադրյալներ կստեղծվի ընդլայնված ծավալներով ծրագրի իրականացման և այլ տնտեսություններում տվյալ տեխնոլոգիայի ներդրման համար: