«Ռուսաստանի կողմից ռացիոնալ քաղաքականություն կլինի՝ խրախուսել Հայաստանին Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելու հարցում». Արտակ Կիրակոսյան

Հարցազրույց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ

– Պարոն Կիրակոսյան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանին տալ գործիքներ՝ ինքնիշխան որոշումներ կայացնելու համար։ Ձեր կարծիքով՝ Հայաստանի ինքնիշխանության պակասն այդքան շա՞տ է, որ ԱՄՆ դեսպանն այսպիսի հայտարարություն է անում։

– Ինքնիշխանությունն ամեն դեպքում չի խանգարի։ Հայաստանի որդեգրած քաղաքականության պարագայում՝ բոլորի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ, ցանկացածի առաջարկին էլ «էստի համեցեք» է ասելու մեր կառավարությունը, եթե բացարձակ իրար հակասող կետեր չկան։ Հիմա խնդիրն այն է, որ թե ԱՄՆ-ում, թե ՌԴ-ում, և նույնիսկ՝ Եվրոպայում, չեն կարողանում վերջնական կողմնորոշվել՝ Հայաստանն ի՞նչ է լինելու՝ կռվախնձո՞ր տարբեր քաղաքական ուժերի միջև, թե՞ պետք է լինի մի վայր, որտեղ նրանք կարողանան ցույց տալ, որ ինչ-որ մի դեպքում երկխոսությունը կարողանում են շարունակել պահպանել և իրար հետ խոսել։ Ես կարծում եմ՝ այս առումով ամենաթեստային իրավիճակը կլինի ԵՄ-ՀՀ պայմանագիրը ստորագրելու ժամանակ։ Մինչ այդ, ինձ թվում է՝ այս հայտարարությունների նպատակն ուղղակի հնարավորությունների պատուհանը պահպանելն է, որ տեսնենք՝ ինչ կլինի։ Մի կողմից՝ խրախուսում են Հայաստանին, որ՝ ստորագրեք, և դա ինչ-որ կերպ ձեզ կօգնի, բայց մյուս կողմից՝ ոչ մի կոնկրետ խոստում, ինձ թվում է, դրա տակ չկա։

Այս փուլում, կարծում եմ, մասնավորապես, Ռուսաստանը շատ շահագրգռված է, որ Հայաստանն այդ պայմանագիրը ստորագրի, որպեսզի դրանով ցույց տա, որ, ինչպես ամենասկզբում էին ասել, սկզբունքորեն դեմ չեն ԵՄ-ի հետ կառուցողական հարաբերություններին, ուղղակի պետք է իրենց հետ հաշվի նստել։ Օրինակ՝ Մոլդովան և Ուկրաինան Ռուսաստանի հետ հաշվի չնստեցին և շատ մեծ խնդիներ ունեցան։ Կարծում եմ՝ Ռուսաստանը փորձում է Հայաստանի օրինակով ցույց տալ, որ բացարձակ դեմ չէ, շատ էլ լավ է, որ Հայաստանն ուզում է այլ տեղերում էլ համագործակցել՝ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, և այլն, խնդրեմ, բայց մեզ էլ հաշվի առեք։ Այն պարագայում, երբ ԱՄՆ-ը վերջին պատժամիջոցները, ըստ էության, կիրառեց ոչ միայն՝ ՌԴ-ի, այլև՝ ԵՄ-ի դեմ՝ համատեղելով ռուսների հետ, մասնավորապես՝ Գերմանիայում այդպես է ընկալվում շատ քաղաքական ուժերի կողմից, այս պարագայում կարող է՝ այստեղ ԵՄ-ի որոշ խոշոր երկրների և ՌԴ-ի շահերը համընկնում են ավելի շատ, քան երբևիցե։ Կարծում եմ՝ ամերիկացիները դեռևս ուզում են բաց դուռ պահել, չկողպել մինչև վերջ։ Բայց չեմ կարծում, որ որևէ կոնկրետ բան կա դրանում։

Կարդացեք նաև

– ԱՄՆ-ը արդեն բավականին գործիքներ տրամադրել է Հայաստանին, ի՞նչ նոր գործիքներ կարող է տալ։

– Դժվարանում եմ ասել և կարծում եմ՝ իրենք էլ չգիտեն։ Հատկապես Թրամփի վարչակազմի պարագայում, չգիտեմ, դեսպաններն իրենք իրապես հասկանո՞ւմ են՝ ուր է Թրամփը տանում երկիրը և ինչ խնդիրների առաջ է կանգնում։ Կարծում եմ՝ սա ուղղակի հիշեցում էր, որ՝ չենք մոռացել ձեզ, կփորձենք ձեզ հետ աշխատել։ Օրինակ՝ 8 մլրդ-ի էներգետիկ ներդրումների խնդիր բարձրացվեց, որ այսպես էլ պարզ չդարձավ, թե ինչ կոնկրետություն կար դրա մեջ։

Հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահի հայտարարությունը, որ՝ մենք այստեղ ենք և ինչ-որ դեր ունենք ղարաբաղյան կարգավորման մեջ, հիմա էլ՝ դեսպանի այս հայտարարությունը։ Ինձ թվում է, որ դրանք տոնուսը պահելու նպատակ ունեն, թե այնպես չի, որ մենք այս տարածաշրջանում անելիք չունենք, և այլն։ Կարծում եմ՝ ամենահիմնական կետն այժմ ԵՄ-ի հետ համաձայնագիրն է։ Ինչքանո՞վ կհաջողվի, ինչքանո՞վ տարբեր ուժեր ցույց կտան, որ իրենք Հայաստանի պարագայում դիտում են, որ կարելի է լինել համագործակցող, կարելի է ինչ-որ հարցում միասնական մոտեցում ցուցաբերել կամ գոնե իրար չխանգարել։

– Բայց ինչո՞ւ եք կարծում, որ Մոսկվան այս անգամ չի խանգարի Հայաստանին՝ ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը։ Չէ՞ որ բոլորովին վերջերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրն անվանել էր հակառուսական ձեռնարկ։

– Այո, ըստ էության, այդպես էր։ Խնդիրն այն է, որ, երբ խոսում ենք Եվրոպայի մասին, այնտեղ տարբեր ուժեր կան։ Մի բան է Ֆրանսիան ու Գերմանիան, լրիվ այլ է Լեհաստանի ու Շվեդիայի, նաև ԱՄՆ-ի մոտեցումն այս ամենին։ Մասնավորապես՝ Գերմանիան շատ շահագրգռված է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքական, և՛ բոլոր առումներով, բայց այսօր ստիպված է պաշտպանել ԱՄՆ-ի վարած քաղաքական կուրսը՝ միայն այն պատճառով, որ ինքն էլ այդքան ազատ երկիր չի, այնտեղ մինչև հիմա ամերիկյան հազարավոր զինվորներ կան, ռազմաբազաներ, այսինքն՝ Համաշխարհային երկրորդ պատերազմի վերքերը մինչև հիմա չեն սպիացել, որպեսզի Գերմանիան կարողանա ինքնուրույն շատ հստակ քաղաքականություն վարել։

Մյուս կողմից՝ կա Լեհաստանը, որ բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում, նաև՝ ինչ-որ չափով՝ պրովոկացիոն։ Այս ամենի մեջ խնդիրն այն է, որ Ռուսաստանն այսօր այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ամեն գնով պետք է ԵՄ-ին ցույց տա, թե՝ եկեք մեր կոնստրուկտիվ պրագմատիկ հարաբերությունները պահպանենք, ոչ թե Թրամփի կամ ԱՄՆ-ի, ռուսական պիտակներով ասած, հիստերիայի հետևից ընկնենք։ Եվ այդ պարագայում Ռուսաստանի կողմից ռացիոնալ քաղաքականություն կլինի նույնիսկ խրախուսելը Հայաստանին այդպիսի համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, որ ցույց տան, որ նույն քաղաքակրթական ուղու վրա են և որևէ խնդիր չունեն այդ իմաստով։

Տեսանյութեր

Լրահոս