Տիգրան Սարգսյանը կարևորել է կառավարման սովորական մոդելների արդիականացումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով Աստանայում ընթացող ԵԱՏՄ-ի երկրների «Եվրասիական շաբաթ» համաժողովում, կարևորել է կառավարման սովորական մոդելների արդիականացումը: Այդ մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:
«Գիտատեխնիկական առաջընթացն արագացնում է փոփոխությունների արագությունը, իսկ կառավարման մեր համակարգերը հետ են մնում որոշումների ընդունման, ադապտացիայի, նոր կանոնների խթանման և այլ առումներով»,- նշել է Սարգսյանը:
«Սակայն ԵԱՏՄ-ն մեզ հնարավորություն է տալիս լուծել այդ խնդիրը,- նշել է նա: -Վերազգային մարմինները կդառնան ավելի արդիական և կզբաղվեն թրենդների կառավարմամբ, այլ ոչ թե ինչ-ինչ արհեստական անհասանելի համակարգերի ձևավորմամբ: Այդժամ բոլոր այդ գործընթացները կընթանան ավելի արագ, և մենք կկարողանանք բարենպաստ պայմաններ ստեղծել թե քաղաքացիների, թե բիզնեսի համար»:
«Մրցունակությունը փոփոխվող աշխարհում. նոր մոդելներ, տեխնոլոգիաներ, կառավարման ձևեր» լիագումար նիստում կայացած բանավեճերի ընթացքում Տիգրան Սարգսյանը նաև արծարծել է ԵԱՏՄ-ում խոչընդոտների ու սահմանափակումների թեման: «Առաջիկա հինգ տարում մենք նախեւառաջ պետք է խորացնենք ինտեգրացումը՝ վերացնելով խոչընդոտները»,- համոզված է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:
Նա նաեւ կարևորել է Միության երկրների համաձայնեցված գործողությունները ազգային նախաձեռնություններ մշակելիս, որոնց իրագործումը չպետք է նոր խոչընդոտներ ստեղծի: «Մենք արդեն այսօր պետք է պայմանավորվենք այն բանի շուրջ, թե ինչպես ենք համաձայնեցնելու մեր թվային օրակարգերը, ինչ ստանդարտներ ենք կիրառելու, ինչպես ենք ապահովելու փոխգործակցությունը»,- ասել է նա:
Իր հերթին Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն իր ելույթում նշել է, որ կայուն տնտեսակն աճ կարելի է ապահովել միայն վերացնելով խոչընդոտներն ու շարժվելով դեպի տնտեսության թվայնացում, տրանսպորտի ճյուղի զարգացում: Նա անհրաժեշտ է համարել աջակցել կոոպերացմանը բոլոր մակարդակներով և գործունեության բոլոր ոլորտներում, աշխատել ըստ միասնական տեխնիկական ստանդարտների, դրանով իսկ պայմաններ ստեղծել արդյունավետ շուկայական տնտեսության ստեղծման համար:
Վաչե Գաբրիելյանի կարծիքով՝ թվային տեխնոլոգիաների ներդրման կարևորագույն առավելությունն այն է, որ դրանք, լինելով գործունեության համընդգրկող ուղղություններ բոլոր ճյուղերի համար, թույլ են տալիս զարգացնել արդյունաբերական կոոպերացիան և ինտեգրացումը գործունեության բոլոր ոլորտներում: Բացի այդ, նա նշել է ԵԱՏՄ-ի երկրների բիզնեսի ներկայացուցիչների, փորձագետների և ազգային կառավարությունների անդամների հանդիպումների առանձնակի կարեւորությունը:
Քննարկումների ավարտին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման համաժողովների անցկացումը, ինչպիսին «Եվրասիական շաբաթն» է, առավել գործուն միջոցներից մեկն է, որոնք թույլ են տալիս զարգացնել ինտեգրացիոն գործընթացները: