Շառլ Ազնավուրը 2018-ին համերգային շրջագայություն կնվիրի Ֆրանսիային
Աշխարհահռչակ երգահան, շանսոնների կատարող Շառլ Ազնավուրը 2018թ. համերգային շրջագայություն կունենա Ֆրանսիայում: Շառլ Ազնավուրի համերգային շրջագայության մեկնարկը կտրվի ընթացիկ տարվա վերջին:
2017թ. դեկտեմբերի 13-ին շանսոնիեն ելույթ կունենա Փարիզում, 2018թ. հունվարի 20-ին` Լիոնում, հունվարի 23-ին` Մարսելում, հունվարի 27-ին` Բորդոյում, հունվարի 30-ին Թուլուզում, փետրվարի 3-ին` Նանտում, փետրվարի 6-ին` Լիլում:
Հոլիվուդի Փառքի ծառուղում օգոստոսի 24-ին բացվելու է Շառլ Ազնավուրի անվանական աստղը: Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակը ևս ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն: