«Եթե այս ձևով քաղաքականությունը շարժվի, Սարգսյան-Ալիև հանդիպումը դժվար էլ կայանա». Թևան Պողոսյան
«Որևէ նոր բան չի ասվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից ներկայացված՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերի մասին:
Թ. Պողոսյանը նկատեց, որ այդ կետերի մասին արդեն տարիներ են խոսում. «Շատերը փորձում են ասել, որ սա Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն է: Իրականում Մադրիդյան փաստաթուղթն ունի 16 բաղադրիչ, ոչ թե 6 կետ: Մարդը հեռանում է, պետք է ասի, որ ինչ-որ աշխատանք է արել, արդյունքներ է տվել, բացի դրանից, պետք է հասկանանք, որ, երբ դիվանագետները խոսում են, ամեն ասած նախադասության կամ մտքի մեջ կա իր սեփական երկրի շահերն առաջ տանելու խնդիր»:
Մեր զրուցակիցը, խոսելով այն մասին, թե ամերիկյան կողմին ինչո՞ւ է պետք այսօր նման բան հայտարարել, ասաց, որ այդ նույն օրը տեղի էր ունենում Պուտին-Սարգսյան հանդիպում, որտեղ տարբեր հարցերի հետ միասին քննարկվում էր նաև Արցախյան հարցը. «Եթե դիտարկենք ԱՄՆ-ՌԴ առճակատումը, ԱՄՆ-ը երևի փորձում է ասել՝ Արցախյան հիմնախնդրում մենք էլ կանք, մենք էլ ունենք տեսակետ: Այս ամեն ինչն այլ դաշտի մեջ է՝ շահերի տեսանկյունից»:
Թ. Պողոսյանը նշեց, որ ԼՂՀ բանակցային գործընթացի ցանկացած փաստաթուղթ, որը հրապարակվել է, այլևս կյանքի չի կոչվելու. «Դա վերաբերում է նրան, ինչպես այն օրը մոռացան փաթեթային տարբերակը, հետո՝ փուլային տարբերակը, հետո՝ այն մյուսը… Այդ բոլոր փաստաթղթերը, որոնք հրապարակվում են, դրանք արդեն հրապարակման ենթակա են, այլ ոչ թե բանակցվում են: Փաստորեն, իրենք այլևս բանակցային ֆորմուլայի ձևավորման մեջ չեն, կարող է կրկնվեն, այլ ձևակերպումներ տան, բայց դրա մեջ չեն»:
Խոսելով այն մասին, թե ի՞նչն է այս պարագայում ՀՀ շահերից բխում՝ Թ. Պողոսյանն ասաց. «Նստենք, քննարկենք՝ Հոգլանդ, չգիտեմ՝ ԱՄՆ-ի այլ շահերի խնդիրներն աշխարհով մեկ ո՞նց են տարածվում, թե՞ նստենք և զբաղվենք մեր աշխատանքով՝ գիտակցելով, որ այն զենքը, որ Ադրբեջանն առել է, չի առել, որ ուղղակի նստի, նայի: Ինչի՞ համար ենք մենք ներդրումներ անում, առաջնագիծն ու սահմաններն ամրապնդում, ինչ-որ իմաստ կա, չէ՞, որ զբաղված ենք: Մի բան գիտեմ՝ Արցախյան հիմնախնդիրը մոտակա ժամանակների լուծման խնդիր չէ, այլ սերունդների խնդիր է, դրանով զբաղվել են պապերս, հայրերս, ես, ինձ թվում է՝ թոռս, ծոռս էլ դեռ զբաղվելու են: Պետք չէ շտապել, պետք է ձևավորել այնպիսի մի իրավիճակ, որտեղ մենք կդիմանանք, կպայքարենք, կհզորանանք, և, երբ ամենահզորը կլինենք՝ մեր հայկական շահերի տեսանկյունից խնդիրը լուծելու, այն ժամանակ նոր խնդրի լուծմամբ կմտահոգվենք»:
Թ. Պողոսյանի խոսքով՝ պետք է մի բան հասկանանք, որ մենք ունենք մեծ խնդիր մեր ներսում. «Այն կետը, որի վրա կանգնած է հայ զինվորը՝ լավագույն զենքով, լավագույն դիտարկման սարքավորումներով, լինելու է միշտ հայկական, դրա համար մեզ պետք է հզոր թիկունք, հզոր տնտեսություն, ժողովրդավար, արդար հասարակություն, որ Հայաստանը դառնա գրավիչ, և բոլորը սկսեն վերադառնալ: Այս խնդիրներով մենք պետք է մտածենք, այլ ոչ թե Հոգլանդի հայտարարած որևէ տեքստով: Նույն Հոգլանդի տեքստը նայեք, քանի անգամ նա ասաց՝ «վստահելի», «պայմանավորված» և նման այլ բառեր… Ո՞ւմ հետ եմ ես այդ վստահելի գործընթացն անելու, մեր հակառակորդի հետ մենք կարողացե՞լ ենք նույնիսկ մեկ տարվա մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի խնդիրները կյանքի կոչել: Բա, եթե չենք կարողացել կայնքի կոչել, ինչի՞ մասին ենք բանակցում, ո՞ւմ եմ վստահելու»:
Հարցին՝ ընդհանրապես իմաստ կա՞ այն հանդիպումների, որ նախաձեռնվում են արտգործնախարարների, նախագահների մակարդակով, եթե մոտեցումներում և սկզբունքներում ոչինչ չի փոխվում, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Բոլորը, որ նախաձեռնել են, շատ լավ գիտեն, որ պայման կա՝ կյանքի կոչել վստահության մեխանիզմներ, որ սկսենք բանակցել: Նույն Հոգլանդի ղեկավարը՝ Ջոն Քերին, չի՞ գնացել Վիեննայում սեղանը նախագահել, հիմա դուք այդ պայմանավորվածությունները կյանքի չեք կոչել, խոսում եք արդեն, թե ինչ լուծում է լինելու, ինչի՞ մասին, եթե բանակցություն չի գնում»:
Մեր այն հարցին էլ, թե՝ հայկական կողմն ի՞նչ պետք է անի, պե՞տք է մասնակցի նման հանդիպումներին այսքանից հետո, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Արտգործնախարարները միգուցե հանդիպեն ՄԱԿ-ի այդ գագաթաժողովին, եթե պետք է քննարկեն, թե ինչպես են այդ վստահության մեխանիզմները տանելու առաջ, եթե այդ հարցերը չեն լուծվելու, ինչի՞ մասին հանդիպեն, խոսեն»:
Մեր ճշտող հարցին էլ՝ եթե Ձեր նշած այդ մեխանիզմները կյանքի չեն կոչվել, նախագահների հանդիպման իմաստը կա՞, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ նախագահները հաստատ հանդիպելու են: Կա հնարավորություն, հնարավորությունները միշտ կան, բայց այդ հնարավորության համար մեխանիզմները կյանքի կոչեք, հանդիպենք, մարդը հո չի՞ ասում՝ ես հնարավորությունները չեմ օգտագործելու, հնարավորությունները կան, օդում ասել են, սրա հետ միասին ասել է՝ գուցե կան հնարավորությունները, բայց կան նախապայմաններ: Իսկ ո՞վ ասաց, որ հանդիպելու են, եթե ինձ հարցնեք, եթե այս ձևով քաղաքականությունը շարժվի, այդ հանդիպումը դժվար էլ կայանա»: