Բաժիններ՝

Թուրքիայում հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Ստամբուլի հայկական դպրոցների վերաբերյալ առաջարկ է ներկայացրել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Ստամբուլի հայկական դպրոցների վերաբերյալ առաջարկ է ներկայացրել: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Խոսելով Ստամբուլի 16 հայկական վարժարաններում առակա բազում խնդիրների մասին՝ Փայլանն առաջարկել է, որ դրանք ղեկավարվեն մեկ ընդհանուր մարմնի կողմից, ոչ թե առանձին հիմնադրամների, ինչպես հիմա է:

Փայլանը նկատել է, որ վարժարաններում առկա բազմաթիվ խնդիրնեը գալիս են նաև կառավարման ոչ ճիշտ համակարգից:

«Առկա խնդիրների մեծ մասը գալիս է նրանից, որ հայկական դպրոցների ծրագրերի, ֆինանսավորման և մյուս հարցերը չեն համակարգվում մեկ ընդհանուր մարմնի կողմից: 2011-ից գործող Հայկական վարժարանների խնդիրներով զբաղվող հատուկ հանձնաժողովի տնօրենը հրաժարական տվեց առկա խնդիրների պատճառով, այս հանգամանքը պետք է սթափեցնի մեզ»,- ասել է հայազգի պատգամավորը:

Ներկայումս Ստամբուլում գործում են 16 հայկական վարժարան, որոնցից 13-ը՝ մասնավոր: Հայկական վարժարաններում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքների երեխաները: Վարժարան ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել երեխայի մկրտության վկայականը:

Հայկական վարժարաններում առկա են բազմաթիվ խնդիրներ՝ կապված թե ֆինանսական և թե կառավարման և աշակերտների ներգրավվածության հետ: Շատ վարժարաններում այս տարի առաջին դասարաններ չեն բացվելու աշակերտներ չունենալու պատճառով: Վարժարանները աշխատում են բարերարների հատկացրած օգնությունների և ստացված վարձավճարների հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս