Բաժիններ՝

Որքանո՞վ է Լևոն Ջուլֆալակյանը գոհ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի արդյունքներից

Փարիզում երկու օր շարունակ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը և բարձրացվեց Հայաստանի դրոշը: Երկու օր շարունակ հայ մարզիկները դարձան աշխարհի չեմպիոններ;

Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը ոչ միայն ճանաչվեցին աշխարհի չեմպիոններ, այլև իրենց կատարած հնարքներով ճանաչվեցին լավագույնը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը գոհ է հավաքականի մասնակցությունից:

«Գերազանց էր, ունեցանք երկու չեմպիոն: Տղաները լավ մասնակցեցին, ընդհանուր առմամբ գոհ եմ: Կան խնդիրներ որոշ քաշային կարգերում, որոնց վրա պետք է աշխատենք:

Շատ գոհ եմ Մաքսիմ Մանուկյանից: Նա առավելություն ուներ բոլոր մրցակիցների նկատմամբ, ինչը նկատելի էր: Փոխեցինք նրա քաշային կարգը՝ 85-ից՝ 80: Այս քաշային կարգում նա կարողացավ հաջողության հասնել:

Վարշամ Բորանյանից դժգոհ եմ, քանի որ նրանից մեդալ էի սպասում: Նա կարող էր, պատրաստ էր:  Արթուր Շահինյանը լավ հանդես եկավ առաջին գոտեմարտում:  Վազգեն Խաչատրյանը դեռ շատ երիտասարդ է և աճելու տեղ դեռ շատ ունի:

Կարեն Ասլանյանն ունի մարտաոճի խնդիր, ինչը մենք, երկար տարիներ է՝ փորձում ենք փոխել: Նրա մարտաոճը դեռևս մանկական է: Այս խնդիրը հաղթահարելու դեպքում նա մեծ հաջողություններ կունենա»,- նշում է Լևոն Ջուլֆալակյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս