«Ամերիկացի համանախագահի հրապարակած 6 կետերն ուղղակիորեն արտացոլում են ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերություններում առկա լարվածության խորացման միտումը». Կարեն Վերանյան

«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի` արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հրապարակած «հիմնական կետերը» ուղղակիորեն արտացոլում են ԱՄՆ և ՌԴ միջև հարաբերություններում առկա լարվածության խորացման միտումը, և թերևս, ոչ ավելին։ Դրանք, ըստ էության, չեն կարող ունենալ որևէ լուրջ և հեռանկարային ազդեցություն հակամարտության կարգավորման հարցում`մի քանի հիմնական պատճառներից ելնելով.

1. Նախ` Հոգլանդի հրապարակած կետերը արտահայտում են արցախյան հիմնախնդրի կարգավորման միայն «ամերիկյան» մոտեցումը, ինչն արդեն դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից։

2. Հիմնական կետերը հրապարակվեցին Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպման ֆոնին և իրենց բովանդակությամբ ունեին ադրբեջանական կողմի շահերին համահունչ շեշտադրումներ։ Այստեղից կարելի է ենթադրել, որ այդ վերը հիշատակված հանդիպումը կամ միգուցե հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի օրակարգը մտահոգության առիթ են եղել Վաշինգտոնում.

3. Նախքան հիմնական կետերի հրապարակումը դեռևս ս.թ. օգոստոսի առաջին կեսին նույն Հոգլանդը հարցազրույց էր տվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին, որում անդրադարձել էր արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված քայլերի նախաձեռնման անհրաժեշտության, ռազմական բախումների հնարավորության նվազեցման հարցերին։ Նկատենք, որ 2016-ի ապրիլյան ռազմական գործողություններից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ շփման գծում խախտումների քննության մեխանիզմների ներդրման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման հարցում շահագրգռված է հիմնականում հայկական կողմը` ի տարբերություն Ադրբեջանի, որը ամեն կերպ խոչընդոտում է այդ հանաձայնություններին։ Ասել է, թե՝ Հոգլանդի հարցազրույցի և հրապարակած կարգավորման «հիմնական կետերի» միջև շոշափելի են շեշտադրումների տարբերությունները, ինչը խոսում է կամ հարցազրույցի համատեքստում ամերիկյան կողմի որոշակի սպասելիքների չարդարացման, կամ ռուս-ամերիկյան հարաբերությունների հակասությունների ու շահերի բևեռացման նոր փուլ մտնելու մասին.

4. Չմոռանանք, որ սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նախատեսվում է հերթական հանդիպումը, որի նախաշեմին թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական կողմերը ձգտում են ամրապնդել իրենց դիրքը և հանդիպումից առաջ ունենալ հնարավորինս շահեկան և նպաստավոր իրավիճակ»։

Տեսանյութեր

Լրահոս