
Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը Բորժոմի անտառում

Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը Բորժոմի անտառում, սակայն պահպանվում են առանձին օջախներ: Այդ մասին հայտնել է Imedi հեռուստաընկերությունը: Դաբա գյուղի մերձակա անտառում հրդեհն սկսվել է օգոստոսի 20-ին: Վաղ առավոտից ավիացիան վերստին ձեռնամուխ է եղել հրդեհաշիջմանը: Իրադրությունը բարդացնում են լեռնային ռելիեֆը, քամին և չոր եղանակը: Նախնական տվյալներով՝ այրվել է տասնյակ հեկտար եզակի անտառ:
Ինչպես հայտնել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի վայրում աշխատում են հայ հրշեջ-փրկարարները: Այստեղ են ուղարկվել չորս մարտական հաշվարկ: Մնացած չորս մարտական հաշվարկների անհրաժեշտությունն այս պահին չի զգացվում:
«Կան բազմաթիվ օջախներ, որոնք այսօրվա ընթացքում և գուցե նաև վաղը, հարկավոր է մշակել ջրով: Բայց ներկա պահին կրակի օջախներ ոչ մի տեղ չկան»,-հայտարարել է Բակուրիանիի բնապահպանության դեպարտամենտի ղեկավար Թամազ Գանցեմլիձեն:
Ինչպես նշում են հրշեջներն ու մասնագետները, մերձակա բնակավայրեր կրակի տարածման վտանգ չկա:
Տեղում շարունակում են աշխատել 400 հրշեջ-փրկարարներ, հարյուր անտառապահներ և ՆԳ նախարարության հատուկ առաջադրանքների դեպարտամենտի 500 աշխատակիցներ: Հրդեհի էպիկենտրոնը 11 կիլոմետր է հեռու Բորժոմի առողջարանից: