Վերջին 10 տարում եկեղեցիներում վաճառվող մոմերը թանկացել են ավելի քան 10 անգամ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոմավաճառությունը Հայ առաքելական եկեղեցու եկամուտների աղբյուրներից մեկն է։ Մոմն արտադրում է Մայր Աթոռը Գայանե վանքի մոտ գտնվող ձուլարանում, ապա ցրում ողջ Հայաստանով մեկ:

Հավատացյալները սրբորեն հավատում են, որ եկեղեցու արտադրած մոմն ավելի լավն է, քանի որ «աղոթաց» է, այսինքն՝ օրհնված: Սա բիզնես-առավելություն է տալիս Սուրբ Էջմիածնին եկեղեցիների մոտ մոմ վաճառող մրցակիցների՝ պապիկ-տատիկների հանդեպ: Դժվար է հաշվել, թե որ եկեղեցում տարեկան քանի մոմ է վաճառվում: Մայր Աթոռը ոչ հրապարակային հաշվետվություններ է ներկայացնում, ոչ էլ կտրոն է տալիս վաճառած մոմերի համար ու հարկ վճարում: Սակայն մոմի շուկայի դինամիկան միանգամայն հաշվելի է:

Այսպես․ շատ տարիներ առաջ եկեղեցիներում կարելի էր 5 դրամով մոմ գնել։ Վերջին 10 տարում Հայաստանում մոմի գինը 5-10-ից աճել է մինչև 60 դրամ։ Այդքան արժեն ամենաէժանագին մոմերը: Ի՞նչն է թանկացել՝ պարաֆի՞նը, թե՞լը, թե՞ օրհնությունը: Ըստ 2017 թվականի վիճակագրական տվյալների, պարաֆինի համաշխարհային գները բարձրացել են 9 տոկոսով։ Հայաստանում պարաֆինի մեկ կգ-ն արժե միջինը մոտ 450 դրամ: Սակայն մոմի գնի աճն անհամեմատ բարձր է։

Տարին մի քանի անգամ 3-4 մեծ ֆուռ պարաֆին է գալիս Էջմիածին, և առաջին-երկրորդ կուրսի ուսանողներին ուղարկում են ֆուռերը բեռնաթափելու։ Եկեղեցապաշտ մեր ազգակիցները գումար չեն խնայում մոմ գնելու համար, թանկացումն ազդում է միայն անապահով հավատացյալների վրա։ Այնինչ մոմը չպետք է թանկ լինի, որպեսզի ցանկացած ոք կարողանա այն գնել ուրախությամբ, ընտանիքի անդամների թվով, ինչպես ընդունված է մեր ազգի մոտ՝ առանց անհարմարության զգացողություն ապրելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս