
«Պրեգաբալին» պարունակող դեղերը բաց կթողնվեն բացառապես բժշկի դեղատոմսի առկայության դեպքում

Օգոստոսի 3-ին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի («Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին») թիվ 1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 931-Ն ՀՀ կառավարության որոշումը:
Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում (հավելվածի N 3 ցուցակ) ընդգրկվել է «Պրեգաբալին» նյութը, որի շրջանառության հսկողության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են որոշակի պայմաններ:
Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: Հարկ է նշել, որ «Պրեգաբալին» նյութը պարունակող դեղերը դեղատնից բաց կթողնվեն բացառապես բժշկի դեղատոմսի առկայության դեպքում: