Բաժիններ՝

Վրաստանի նախագահը երկրում մունիցիպալ ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 21-ին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քաղաքների ու շրջանների ղեկավարների, ինչպես նաև տեղական օրենդիր մարմինների (սակրեբուլո) պատգամավորների ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 21-ին:

Վրաստանի օրենսդրության համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պետք է անցկացվեն հոկտեմբերին:

«Ես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակել եմ 2017 թվականի հոկտեմբերի 21-ին և փաստաթուղթն ուղարկել եմ կոնտրասիգնացիայի (համատեղ ստորագրման)»,- ասել է Մարգվելաշվիլին ճեպազրույցում:

Վրաստանի օրենսդրության համաձայն, ընտրությունների ամսաթվի նշանակման փաստաթուղթն ուղարկվում է Վրաստանի վարչապետին, որը կառավարության անդամների հետ միասին կքննարկի այս կարգադրությունը: Այն դեպքում, եթե նախարարների կաբինետը համաձայնի պետության ղեկավարի որոշմանը, վարչապետը համատեղ ստորագրությամբ նշանակում է ընտրությունների ամսաթիվը: «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը, վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությունը, հայտնում է, որ փաստաթուղթն արդեն ստացվել է, և վարչապետն այն կստորագրի մոտ ժամանակներս:

Այսօրվա դրությամբ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արդեն յոթ կուսակցությունների գրանցել է տեղական ընտրություններին մասնակցելու համար: Եվս ութ կուսակցություններ առայժմ միայն հայտարարել են տեղական ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին: Թբիլիսիի քաղաքագլխի ընտրություններին մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել են «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան», «Միասնական ազգային շարժում», «եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության», «Կառուցման շարժում», «Վրաստանի հայրենասերների դաշինք» և «Միավորված դեմոկրատական շարժում», «Դեմոկրատական շարժում-միասնական Վրաստան» և «Ազատ Վրաստան» կուսակցությունները: Վերջին երեք կուսակցությունները մտադիր են միասին գնալ ընտրությունների:

ԿԸՀ-ում պաշտոնապես գրանցվել են «Վրաստանի եվրոպական դեմոկրատներ», «Ազգային դեմոկրատական կուսակցություն», «Վրաստանի քրիստոնեապահպանողական կուսակցություն», «Ժողովրդի կուսակցություն», «Հայրենիքի որդիների միաբանություն», «Վրաստանի միասնության ու զարգացման կուսակցություն» և «Նոր աջեր» կազմակերպությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս