ԱՄՆ-ում J&J-ին պարտավորեցրել են 417 մլն դոլար վճարել այն կնոջը, որի մոտ քաղցկեղ է առաջացել
Լոս Անջելես քաղաքի դատարանը Johnson & Johnson (J&J) ընկերությանը պարտավորեցրել է 417 միլիոն դոլար ռեկորդային գումար վճարել քաղցկեղով հիվանդացած կնոջը, որը հայտարարում է, թե իր հիվանդության պատճառ է դարձել ընկերության արտադրանքի օգտագործումը: Այդ մասին հայտնել է Assiciated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ ընկերության դեմ դատական հայցը հարուցել է Եվա Էչեվերիան Կալիֆոռնիայից՝ տալկ պարունակող արտադրանքի օգտագործումից հետո ձվարանների քաղցկեղի զարգացման պատճառով: Նա մանկական ցանափոշին ամեն օր օգտագործել է 1950 թվականից մինչեւ 2016 թվականը, 2007 թվականին նրա մոտ ախտորոշվել է ձվարանների քաղցկեղ:
Նրա կարծիքով՝ ընկերությունը գնորդներին պատշաճ կերպով չի նախազգուշացրել հիվանդության ռիսկի մասին նման արտադրանք օգտագործելիս: Հայցում նա հայտարարում է, թե իր հիվանդությունը «տալկի չհիմնավորված վտանգավոր և ոչ որակյալ բնույթի հետեւանքն» է: Էչեվերիայի փաստաբան Մարկ Ռոբինսոնը հայտարարել է, որ կինը բուժում է անցնում հիվանդանոցում: Նրա խոսքով՝ Էչեվերիան ցանկանում է օգնել երկրի բոլոր կանանց, որոնք 20 կամ 30 տարվա ընթացքում օգտվում են ընկերության արտադրանքից:
Դատարանի վճռով՝ վճարման գումարի մեջ մտնում են 68 մլն դոլար որպես փոխհատուցում բարոյական վնասի համար և ևս 340 մլն դոլար՝ տուգանային տուժանքի տեսքով:
Johnson & Johnson-ի ներկայացուցիչ Քերոլ Գուդրիչը նշել է, որ ընկերությունը կգանգատարկի այս վճիռը: Նշվում է, որ կնոջը հատկացված 417 միլիոն դոլարի գումարը դարձել է ռեկորդային այն փոխատուցումների թվում, որոնք Johnson & Johnson ընկերությունը երբևէ վճարել է դատարանի վճռով: Ավելի քան հազար մարդ է նման հայց հարուցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: