Թուրքիայի ԳՇ պետը մեկնելու է Իրան
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Հուլուսի Աքարը մոտ ժամանակներս պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Թուրքիայի ԳՇ պետի այցը նպատակ ունի եզրափակելու Անկարայում իրանցի գործընկերոջ հետ տեղի ունեցած բանակցությունները: Իրանի ԳՇ պետ Բաղերին հայտնել է, որ Թուրքիան և իրանը համագործակցություն են սկսել, ինչպես սահմանային, այնպես էլ Իրաքում և Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման շուրջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 21-ին հայտնել էր, որ Թուրքիան և Իրանը կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ ևս:
Նախագահի փոխանցմամբ, ինչպես Իրաքում համատեղ գործողությունների շուրջ պայմանավորվածությունները, այս հարցը նույնպես քննարկվել է օգոստոսին տեղի ունեցած Իրանի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ: Իրանը և Թուրքիան պատրաստվում են նաև Իրաքի հյուսիսում գործողություններ իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ:
Ներկայումս կողմերը քննարկում են Իրաքի հյուսիսի 9 կետում կազմակերպվելիք գործողությունների մանրամասները:
Հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին՝ «Արմենպրես»-ը օգոստոսի 18-ին հաղորդել էր, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայի հյուսիսում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել: Թուրքական լրատվամիջոցները դեռևս ռազմական գործողությունների սկսելու ժամկետների և նպատակների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն նշում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, որպես ռազմական գործողությունների մեկնակետ ընտրվել է սիրիական Իդլիբ քաղաքը:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն`3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորների դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ: