Բաժիններ՝

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջը տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, այսօր տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան՝ փորձաքննություն անցկացնելու: Այս մասին 168.am-ին հայտնեց Ռ. Մկրտչյանի փաստաբան Նաիրա Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Ռ. Մկրտչյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալն է: Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Ռ. Մկրտչյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե Մ. Սիմոնյանի սպանության մեղադրանքով կալանքի տակ գտնվող նրա կինը հանցագործությունը կատարելու պահին և դրանից հետո ի՞նչ հոգեկան վիճակում է գտնվել:

Ռ. Մկրտչյանի փաստաբանն ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ է իր պաշտպանյալը մնալու հոգեբուժարանում՝ քննությունն անցնելու համար:

Հարցին, թե ինչպե՞ս է Ռ. Մկրտչյանի առողջական վիճակը, Ն. Կարապետյանն այսպես պատասխանեց. «Այս պահին մանրամասներ չեմ ուզում հայտնել՝ գործի շահերից ելնելով, նախաքննության ավարտին ամեն ինչ կիմանաք»:

Մենք նաև փաստաբանից հետաքրքրվեցինք, թե Ռ. Մկրտչյանն ի՞նչ դիրքորոշում է հայտնել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, արդեն ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Ն. Կարապետյանն ասաց, որ ինքը պաշտպանական տակտիկայից ելնելով՝ այդ հարցերին չի պատասխանի: Նույն հիմնավորմամբ փաստաբանը նաև չպատասխանեց հարցին, թե արդյոք իր պաշտպանյալը խոսե՞լ է իր նկատմամբ ամուսնու կողմից իրականացրած ծեծի և բռնության մասին. «Նախաքննության ավարտին կհրապարակվի օբյեկտիվ ճշմարտությունը, կիմանաք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս