«Հրանտ Բագրատյանի դիտարկումները կարծես չար կատակ լինեն». ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը տարօրինակ ու զարմանալի է համարում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկումները` կապված հայոց լեզվի հետ:

«Ինձ թվում էր, թե ինքը պիտի որ, այնուամենայնիվ, բավականաչափ տեղյակ լինի լեզվական հարցերին: Չեմ հասկանում` ինչպես կարող է այդ մակարդակի տնտեսագետն այդ կարգի դիտարկումներ անել, որովհետեւ ես գիտեմ շատ լավ տնտեսագետների, որոնք այնքան լավ են պատկերացնում լեզվական հարցերը: Մի տեսակ չար կատակ ոնց որ լինի: Անհավատալի, տարօրինակ բաներ է ասում: Չեմ հավատում, որ նա այդպես է մտածում: Այնքան անհեթեթ են ասածները, որ մասնագիտորեն անդրադառնալու հարկ չկա: Չես հասկանում` այս մարդը կատա՞կ է անում, ինչ-որ նպատակնե՞ր ունի, դրանով ուրի՞շ բան է ուզում ասել: Համենայնդեպս, հասարակության մեջ կան մարդիկ, որոնք ծայրահեղության են գնում` չիմացությունից ելնելով: Իր պարագայում դժվար թե այդքան չիմացություն լիներ: Չեմ հասկանում»,- armtimes.com-ին ասաց Վիկտոր Կատվալյանը:

Այդուհանդերձ, նա նկատեց, որ նախկին վարչապետի դատողությունները լեզվի մասին վկայում են, որ կա որոշակի աշխատանքի անհրաժեշտություն:

«Մյուս կողմից էլ` չկա չարիք առանց բարիքի: Դա նշանակում է, որ մեր հասարակության մեջ լեզվական պատկերացումները ճշգրտելու անհրաժեշտություն կա: Եվ այս իմաստով շատ լավ կլիներ, եթե մեր հեռուստատեսությունները լեզվին նվիրված հաղորդումներ կազմակերպեին, ու հնարավոր լիներ հասարակության, նույնիսկ մտավորականության մեջ ճիշտ պատկերացումներ ձեւավորել լեզվի մասին: Դրա անհրաժեշտությունը ոնց որ թե ցայտուն դարձավ Բագրատյանի ելույթից հետո»,- կարծիք հայտնեց ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրենը:

Ինչ վերաբերում է հայերենը` արմեներեն, իսկ Հայաստանը` Արմենիա կոչելու Բագրատյանի նախընտրությանը, լեզվաբանը պատասխանեց. «Ասածներից ամեն ինչը անհեթեթ է, չի կարելի դրան լրջորեն վերաբերվել եւ դրանց անդրադառնալ, քննարկել: Ոչ մի ճիշտ, նորմալ բան նա չի ասում: Ես դրա համար եմ զարմանում, որ այդ մակարդակի մտավորականն այդպիսի մտքեր է հայտնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս